Ներկայումս հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածություն չկա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով, այդ խնդիրը արդեն լուծված է. «Մասնավորապես, մենք ունենք 5 հազար տեղ, սակայն այս պահին դատապարտյալների ու կալանավորների թիվը 3 հազարից պակաս է»,-ասաց նա:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե կա՞ վիճակագրություն, թե որքան է այն կալանավորների թիվը, որոնց դեպքում կալանավորման ժամկետն ավելին է եղել, քան հետագայում դատավճռով սահմանված պատիժն է եղել եւ ինչ է արվում այդ դեպքում:
Ի պատասխան Զեյնալյանը նշեց, որ կա վնասի հատուցման ինստիտուտ. «Անձը կարող է դիմել քաղաքացիական դատավարության կարգով, ցավոք միայն դատական կարգով եւ ակնկալել վնասի հատուցում: Այդպիսի դեպքերը քիչ են: Կա եւ նյութական, եւ բարոյական վնասի հատուցում: Վերջին ինստիտուտը նոր է: Ցավոք, մենք չենք տիրապետում տեղեկատվական բազային, միասնական համակարգ չկա»,-ասաց արդարադատության նախարարը:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում փակ ռեժիմով քննարկվել է նաեւ համաներում հայտարարելու հարցը: Նախագիծը կուղարկվի ԱԺ: