00:00:00

«Յունիբանկը» դարձյալ փորձում է խոչընդոտել «Հին Էրիվանի» սնանկացման վճռի կայացմանը

15:50, 02 հոկտեմբեր 2018 Իրավական

«Յունիբանկը» դարձյալ փորձում է խոչընդոտել  «Հին Էրիվանի» սնանկացման վճռի կայացմանը, համենայն դեպս այդ մասին էին փաստում բանկի ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանի խոսքերը սնանկության գործով դատական նիստի ժամանակ: Նա փաստացի նշեց, որ բանկը դեմ է  սնանկացման վճռի կայացմանը այս փուլում, մինչդեռ դատական քաշքշուկը ձգվում է արդեն 6 տարուց ավել: Հիշեցնենք, հանգուցալուծումը կարող էր լինել դեռ օգոստոսին, սակայն ևս երկու ամսով դատական նիստը հետաձգվեց սնանկության գործով կառավարչի միջնորդությամբ, որը դիմել էր պարզելու՝ «Հին Էրիվան» ընկերությունը ի՞նչ այլ դատական գործերում է ներգրավված: Նիստի ժամանակ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հայտարարություններից այնպիսի տպավորություն էր, որ վերջինս ցանկանում է վերջապես վերջակետ դնել ավելի քան վեցը տարի ձգվող այս դատական գործընթացում, թեև «Յունիբանկը» շարունակում է առարկել նման հանգուցալուծման դեմ: «Յունիբանկի» ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանը պնդեց, որ եթե այս գործն ավարտվի, ապա վճիռները կատարման փուլում կարող են կարճվել, ինչը բանկի համար կարող են հանգեցնել ոչ բարենպաստ հետևանքների: Բացի այս, փաստացի Կիրակոսյանը մեղադրեց սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանին նրանում, որ վերջինս կարող էր իրականացնել որոշ գործողություններ, որոնք չի իրականացրել. օրինակ,  չի ճշտել ինչ-որ գումարների ճակատագիրը և այլն: Դատավորն ասաց, որ այս ու մի շարք այլ հարցերում, որոնց առնչությամբ բանկի ներկայացուցիչը առարկություն է ներկայացրել ու դժգոհություն հայտնել սնանկության գործով կառավարչի գործողություններից, «Յունիբանկը» ինքը կարող էր իրականացնել այդ գործողություններն, հատկապես, եթե իրենք պնդում են «Հին Էրիվան» ընկերության սեփականատիրոջը սուբսիդիալ պատասխանատվության ենթարկելու մասին. «Սա միայն սնանկության գործով կառավարչի պատասխանատվության մենաշնորհը չի  և դուք էլ կարող էիք նման գործողություններ իրականացնել»,- ասաց դատավորը: Որից հետո հարցրեց՝ կա՞ մի կոնկրետ գործողություն կամ տվյալ, որը թույլ կտա գործը շարունակել: «Յունիբանկի» ներկայացուցիչը փաստացի որևէ նոր հիմնավորում չբերեց: Իր հերթին կառավարիչ Բարխուդարյանը նշեց, որ հաշվետվությունը ներկայացրել է ամբողջական և իր գործողություններում չի թերացել, դրան զուգահեռ դնելով դատավորի առջև բոլոր փաստաթղթերի տրցակը, որոնք հիմք կարող են հանդիսանալ գործն ավարտելու համար: Դատավոր Սուքոյանը հայտարարեց, որ քննությունն ավարտվեց և դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 15-ին: Լրագրողների հետ զրույցում Գագիկ Բարխուդարյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Ինչ վերաբերում է «Յունիբանկի» մեղադրանքներին, ապա նշեց, որ ամեն ինչ արել է և դատարան ներկայացրել իր գործողությունների ապացույցները: Իսկ հարցին՝ տեսնո՞ւմ է միտում, որ «Յունիբանկը» արհեստականորեն փորձում է ձգձգել գործընթացը, արձագանքեց. «Բնական է՝ ամեն մարդ իր շահերը պետք է առաջ տանի: «Յունիբանկը» պետք է իր շահերը պաշտպանի, բայց այդ փաստարկները ճիշտ են, թե սխալ կորոշի դատարանը»: Դատավոր Սուքոյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին և արագ հեռացավ դահլիճից: Իսկ  «Յունիբանկի» ներկայացուցիչ Կիրակոսյանը հեռացավ   լրագրողներից, «No comment» ասելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր