Արցախի մայր ԲՈՒՀ-ում, ս.թ. հոկտեմբերի 04-ին տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ: Ռեկտորին ընտրելու է ԱրՊՀ խորհուրդը: Վերջինս ձևավորվել է 7 ուսանող, 7 դասախոս, 7 պետական պաշտոնյա և կրթության նախարարության կողմից առաջարկվող 7 թեկնածու սկզբունքով: Խորհրդի նախագահն է ԱՀ նորանշանակ պետական նախարար Գ.Մարտիրոսյանը: Փաստորեն, սա ղեկավար ընտրելու (կամ՝ նշանակելու) պետնախարարի առաջին փորձությունն է և հետաքրքիր է լինելու այնքանով, որքանով վեր է հանելու Արցախի իշխանություների խոսքի և գործողությունների համապատասխանության մակարդակը: Գաղտնիք չէ, որ ինչպես Հայաստանյան, այնպես էլ՝ դրանից անմասն չմնացող Արցախյան արատավոր պրկատիկան ցանկացած կադրային լուծում, անկախ դրա դիրքից, դերից, զբաղեցման օրենսդրական կարգից, կատարվում էր պետական – իշխանական պատվերների շրջանակներում:
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունը որոշակի փոփոխությունների բերեց նաև Արցախում, սակայն արդարության հարցում լիակատար հաղթանակ ակնկալելն առնվազն միամտություն կլիներ: Հենց այս համատեքստում, պետական ապարատի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցող ընտրությունները կարող են մի շարք հարցերի պատասխաններ տալ: Հավելենք, որ ըստ համալսարանի պաշտոնական կայքի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել՝ Արտեմ Նիկոլայի Աբրահամյանը, Կամո Իվանի Աթայանը և Արմեն Յուրիկի Սարգսյանը:
Ա.Աբրահամյանի հանդիսանում է ԱրՊՀ քիմիայի ամբիոնի վարիչը: Կ.Աթայանը, ըստ ԵՊՀ կայքում տեղադրված նրա կենսագրականի՝մինչև 2007 թվականն աշխատել է ԼՂՀ-ում, 2005 – 2007թթ զբաղեցնելով նաև ԼՂՀ ԿՄՍ (ենթադրաբար՝ կրթության, մշակույթի, սպորտի) նախարարի պաշտոնը: Ա.Սարգսյանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի ներկայիս փոխնախարարն է, հանդիսանում է նաև ԱրՊՀ ռեկտորին ընտրող խորհրդի անդամ:
Ընդ որում, առաջին թեկնածուն առաջադրվել է համալսարանի ֆակուլտետներից մեկի կողմից, իսկ մյուսները՝ ինքնուրույն:
Թեկնածուների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություներ և, ըստ այդմ՝ իշխանական «դաբրո» ունեցող թեկնածուին կփորձենք պարզել առաջիկայում: