Բավական երկար ժամանակ ընդհատվել էին մեր միջխորհրդարանական հանդիպումները, և այդ առումով անհրաժեշտություն կար հանդիպելու Արցախի խորհրդարանի ղեկավարի և պատգմավորների հետ՝ համատեղ համագործակցությանն վերաբերող ապագա ծրագրերը հստակեցնելու համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ խոսելով Արցախ կատարած իր այցի և Արցախում ունեցած հանդիպումների վերաբերյալ:
«Հանդիպում եմ ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ: Խոսել ենք այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Արցախի անվտանգության հետ: Բացի այդ անդրադարձել ենք նաև արդյունավետ խորհրդարանական դիվանագիտության կիրառմամբ և մեր բարեկամ երկրների խորհրդարանականների ներգրավմամբ արցախյան խնդրի կարգավորմանն ուղղված հարցերին»,- ասել Ա. Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ հանդիպում է ունեցել նաև Արցախում գտնվող Եվրախորհրդարանի և Կիպրոսի խորհրդարանի պատգամավորների հետ, որոնց հետ քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հարցը ներկայացնելուն և դրա վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տարածելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր: