3 տարի տեւած շինարարությունը վերջապես ավարտվեց եւ ՀՀ Ոստիկանության ՇՄ «Կումայրի» բաժինը նոր շենք ունեցավ: Կարմիր ժապավենը կտրվեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ներկայությամբ
:


«Իմ նախորդ այցից հետո այստեղ շատ բան է փոխվել: Պայմաններն իդեալական են, ՀՀ ոստիկանությունում նման շենքային պայմաններ ունեցող երեւէ ստորաբաժանում չունենք: Սա այն եզակի շենքերից է, որը համապատասխանում է այն բոլոր պայմաններին, յուրաքանչյուր աշխատակից կունենա իր առանձնասենյակը, որտեղ կարող է ավելի լավ աշխատել»,-ասաց ՀՀ ոստիկանապետը:
ՃՈ-ն այստեղ կտեղափոխվի ժամանակավոր, քանի որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրանց այսօր այլ տարածք առաջարկեց: Ոստիկանապետը հանձնարարեց ուսումնասիրել առաջարկը, հնարավոր է մի փոքր վերանորոգումից հետո ՃՈ-ն տեղակայվի այնտեղ եւ առանձին աշխատի,-ասաց Վալերիյ Օսիպյանը:
Կարմիր եւ սեւ սրբատաշ քարերով կառուցված կոլորիտային շենքը գտնվում է Կումյարի պատմական միջուկում՝ Ռուսթավելի-Ղորղանյան փողոցների խաչմերուկում: Նոր կառույցում են գործելու Ոստիկանության «Կումայրի» բաժինը, «Կումայրու» անձնագրային բաժինը, Ճանապարհային ոստիկանությունը ժամանակավորապես եւ «Դինամո» մարզական կազմակերպությունը:
Շենքում շրջելուց ու պայմաններին ծանոթանալուց հետո ոստիկանապետը հանձնարարական տվեց հնարավորինս արագ տեղափոխվել նոր շենք ու արագ հարմարվել:
