00:00:00

Արցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը

21:06, 29 սեպտեմբեր 2018

Արցախի Հանրապետությունը շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը ողջունում է, բայց հարցին որոշ վերապահումով է մոտենում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ԱՀ նախագահիմամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Եթե քաղաքական գնահատական տանք, հետաքրքիր և ողջունելի զարգացում է: Այն երեք կետերը, որի շուրջ պայմանավորվել են, շատ կարևոր է: Սակայն այստեղ կա վերապահում, որ Ալիևին և առհասարակ ադրբեջանական ղեկավարությանը ամբողջապես վստահելը ճիշտ չէ, որովհետև ամենանենգ ձևով, ամենաանհարմար պահին նա կարող է ցանկացած պայմանավորվածություն խախտել, ինչը ցույց է տվել պրակտիկան: Այնուամենայնիվ, հուսանք, որ այս անգամ դրական ինչ-որ ազդեցություն կթողնի այս պայմանավորվածությունը»,- նշեց Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ կարճ ժամանակում որևէ փոփոխություն ակնկալել պետք չէ: «Պետք է սպասել: Այս պայմանավորվածությունը մենք պետք է դիտարկենք ոչ թե երկու ժամվա կամ մեկ-երկու օրվա կտրվածքով, այլ երկարատև»,- ասաց նա: Դավիթ Բաբայանի խոսքով` պայմանավորվածության վերաբերյալ Ալիևի համաձայնությունը կարող է կախված լինել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ տարբեր ատյանների ճնշումներից: «Հետաքրքիր է, որ դրանից առաջ համանախագահները շատ կոշտ հայտարարություն կատարեցին: Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին, որովհետև հենց այդ կողմն է խախտում զինադադարի ռեժիմը, և հետաքրքիր զուգադիպություն է, որ ՌԴ նախագահն է ֆորմալ տեսանկյունից ծանոթացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, չի բացառվում, որ Ալիևը շատ առանձնահատուկ դրության մեջ է ընկել, որ կա բավականին մեծ ճնշում իր վրա, և պատեհ առիթ է գտել` և ծանոթանալ ՀՀ նոր ղեկավարին, և իրեն ցույց տալ, որպես կառուցողական կողմ»,- նշեց Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակն, այնուամենայնիվ, նշեց, որ իրավիճկան սահմանին այս ընթացքում կայուն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր