00:00:00

Խորհրդարանական ընտրությունները կարեւոր է անցկացնել հնարավորինս շուտ․ Տիգրան Ավինյան

02:37, 29 սեպտեմբեր 2018

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ անելու պատրաստ մարդկանց թիվն աճել է, բայց շատերը սպասում են արտահերթ ընտրություններին եւ երկրում իրավիճակի վերջնական կայունացմանը։ Այդ պատճառով դրանք պետք է հնարավորինս շուտ անցկացվեն, որպեսզի պոտենցիալ ներդրողները դառնան իրական։ Այս մասին այսօր Երեւանում ընթացող՝ սթարթափներում «հրեշտակային» ներդրումներին նվիրված Early stage investment conference համաժողովի շրջանակներում, լրագրողների հետ զրուցելով, ասել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ համաժողովը շատ կարեւոր է, քանի որ կնպաստի Հայաստանում «հրեշտակային» ներդրումների ինստիտուտի զարգացմանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում շատ սկսնակ ընկերություններ բավականին ուժեղ են, սակայն որպեսզի դրանք բարձրանան նոր մակարդակի, նրանց պետք է նոր ներդրումներ, այդ թվում՝ «հրեշտակային»։ Խոսելով Հայաստանում ներդրումային առավել հեռանկարային ուղղությունների մասին՝ փոխվարչապետն ասել է, որ դա ՏՏ ոլորտն է, գյուղատնտեսությունը (որը դեռեւս բավարար արդյունավետությամբ չի աշխատում եւ մոդեռնիզացիայի կարիք ունի), ինչպես նաեւ՝ նորացվող էներգետիկայի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները։ Փոխվարչապետի խոսքերով՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները միանշանակ կտրուկ աճել են՝ տնտեսությունն արձագանքել է երկրում կատարված փոփոխություններին։ Տնտեսական գրանցված ակտիվությունը հիմնված է հեղափոխության հետ կապված դրական էմոցիաների վրա, բայց հիմա այդ ակտիվությունն անհրաժեշտ է ինստիտուցիոնալեցնել, եւ այդ ուղղությամբ կառավարությունն աշխատում է։ Վերը նշված 4 ուղղություններն, ըստ Ավինյանի, հիմնաքարեր կհանդիսանան Հայաստանի տնտեսության կառուցման համար։ «Կարճ ժամանակում տնտեսական լուրջ փոփոխություններն անիրականանալի են, բայց կարճ ժամանակում կարելի է ստեղծել հիմքեր՝ մոտակա 5-10 տարվա մեր հետագա զարգացման համար»,- նշեց փոխվարչապետը։ Նրա խոսքերով՝ Հայաստանն արդեն տարբեր ոլորտներում ներդրումներ անելու շատ հայտեր է ստանում, եւ շատ ներդրողներ, առաջվանից շատ ավելի շատ, արդեն պատրաստ են ներդրումների։ «Բայց, կարծում եմ, բոլորը սպասում են այն հիմնական փոփոխություններին, որոնք տեղի են ունենալու՝ դա խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։ Կարծում եմ, որ դրանք պետք է անցկացնել հնարավորինս շուտ, որ բոլոր այդ ներդրողները դադարեն անհանգստանալ»,- նշել է Տիգրան Ավինյանը։ Խոսելով Հարկային օրենսգրքում քննարկվող փոփոխությունների մասին՝ Ավինյանն ասել է, որ այն չի կարելի անընդհատ փոփոխել, բոլոր փոփոխությունները պետք է արվեն մեկ անգամ եւ երկարաժամկետ։ Այսօր քննարկվում է Հարկային օրենսգրքի պարզեցման հարցը՝ հարկերի տեսակներն ավելի քիչ կլինեն, եկամտահարկը կնվազեցվի, կլինեն ուրիշ այլ հարկերի հետ կապված նոր որոշումներ։ «Փոքր ձեռնարկություններին հնարավորինս կազատենք հարկերից, որպեսզի նրանք կարողանան կայանալ եւ հետո դուրս գալ նորմալ հարկային դաշտ»,- ասել է Ավինյանը։ Նշենք, որ «հրեշտակային» են անվանում սթարթափային բիզնեսներում ներդրումները, իսկ այդ ներդրողներին անվանում են «բիզնես-հրեշտակներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր