Գերժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական կենտրոնն այսօր իր դռները բացեց Շիրակի մարզի բնակիչների առջև:
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնի բացմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև համակարգի և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր, ՀԱՆ-ի բարերարներ և ղեկավարներ:
Կենտրոնի վիրահատարանը և ակնային զննման բաժանմունքը հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա ակնային առողջության պահպանման համալիր և բարձրորակ ծառայություններ մատուցել մարզի բնակչությանը: Վիրահատություններն իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ հաստատել Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ և խորհրդակցել վիրահատությունների ընթացքում:
Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005 թվականից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը և Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) յոթ անգամ այցելել են մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 35000 բնակիչ ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 7000-ը՝ խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, իրականացվել է շուրջ 3600 վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 8800 բնակիչ ակնոց է ստացել:
Այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ Հայկական ակնաբուժության նախագծի երկարամյա բարեկամ և հովանավոր Լութեր Ջոն Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ։ Սարքավորումների ձեռքբերման, սենյակների կահավորման և կենտրոնի գործարկման համար անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվել նաև Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության և Շիրակի մարզպետարանի ջանքերով:
Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Ծրագրի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները փոխարինում են ԱՇՀ-ին՝ ողջ տարվա ընթացքում բարեգործական հիմունքներով անվճար բուժելով սոցիալապես անապահով բնակչությանը:
Հնգամյա ծրագիրը մեկնարկել է 2015թ. Տավուշի մարզից, Լոռու կենտրոնը բացվել է 2016-ին՝ Սպիտակում, Կապանի կենտրոնը՝ 2017-ին։
2015 թվականից մինչև 2018թ. առաջին եռամսյակ Իջևանի, Սպիտակի և Կապանի մարզային ակնաբուժական կենտրոններում շուրջ 4000 հոգի ակնային զննում է անցել, որից 1630-ը վերականգնել է տեսողությունը վիրահատվության կամ լազերային բուժման շնորհիվ: