00:00:00

Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունները համալրվել են շտապօգնության նորագույն ավտոմեքենաներով

02:40, 28 սեպտեմբեր 2018

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նվիրատվությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին տրամադրված շտապօգնության նորագույն ավտոմեքենաներից 15-ը հատկացվել է Գեղարքունիքի մարզին, որի բաշխումն արդեն կատարվել է Գեղարքունիքի մարզպետարանի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, սեպտեմբերի 26-ի դրությամբ, մարզ է բերվել շտապօգնության 15 նոր ավտոմեքենա, որոնցից 4-ը տրամադրվել է Մարտունու, 3-ը՝ Սեւանի, 3-ը՝ Գավառի բժշկական կենտրոններին, 3-ը՝ Վարդենիսի հիվանդանոցին եւ 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնին: Հատկացված 15 ավտոմեքենաներից 5-ը ռեանոմոբիլներ են, որոնք հավասարապես բաշխվել են վերը նշված բուժհաստատությունների միջեւ: Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն՝ տեղում քննարկելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից որպես նվիրատվություն տրամադրված նոր շտապօգնության մեքենաների շահագործման հետ կապված հարցերը: Ինչպես տեղում ներկայացրին ոլորտի պատասխանատուները՝ շտապօգնության 15 նոր մեքենաներն արդեն պատրաստ են շահագործման, իսկ շտապօգնության բժիշկները, բուժքույրերը եւ վարորդները համապատասխան վերապատրաստման դասընթացներ են անցել: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն անգնահատելի աջակցություն է ցուցաբերել մեզ՝ նպաստելով շտապօգնության ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: Կարծում եմ, որ մեր մասնագետները հավուր պատշաճի կօգտագործեն ստեղծված հնարավորությունը եւ կկարողանան բոլոր կանչերը սպասարկել ժամանակին, առանց թերացումների ու դժգոհությունների տեղիք տալու: Այս լուրջ ձեռքբերման կողքին մեր առողջապահության համակարգին սպասում են այնպիսի նոր ծանրակշիռ ձեոքբերումներ, ինչպիսիք են Սեւանի բժշկական կենտրոնի արդիականացված շենքի շահագործումը եւ նույն բուժհաստատւթյունում համակրգչային շերտագրման սարքի տեղադրումը: Մենք հաստատապես գնում ենք մարզի առողջապահության համակարգի արդիականացման ու զարգացման ճանապարհով»,- հավաստեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր