00:00:00

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի եվրոպական համաժողովին

21:15, 26 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 18-ից 21-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Սոֆիայում (Բուլղարիա) մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եվրոպական համաժողովին: Համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա  համաժողովը 2019թ.-ին կազմակերպելու իրավունքը և հայկական պատվիրակությանն է հանձնվել կազմակերպության դրոշը: Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։  CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսն ունեցող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում: Ռազմական սպորտի միջազգային խորհրդը պարբերաբար կազմակերպում է տարբեր մարզաձևերի տարածաշրջանային, մայրցամաքային և աշխարհի առաջնություններ: Կազմակերպվում են նաև համաշխարհային կադետական խաղեր, որոնց մասնակցում են ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները: Կազմակերպության խոշորագույն միջոցառումներն են զինվորականների ձմեռային և ամառային խաղերը, որոնց մասնակցելու իրավունք ունեն բացառապես գործող զինծառայողները: ՀՀ պաշտպանության նախարարությունը Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցում է 1994թ.-ից: Ակտիվ անդամի կարգավիճակ ստացել է 2010 թվականին: 2010-2018թ.թ. հայ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմակեպած տարբեր մարզաձևերի 6 աշխարհի առաջնությունների, մեկական անգամ` զինվորականների ձմեռային և ամառային խաղերի և նվաճել 4 ոսկե, 6 արծաթե և 15 բրոնզե մեդալներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր