00:00:00

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ

19:06, 26 սեպտեմբեր 2018

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ։ Զրուցակիցների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին: Նախագահ Սարգսյանը կարեւորել է ֆրանսիական հայտնի ընկերության գործուն եւ ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին: *** Միջուկային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ Orano ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը մեր երկրում, մասնավորապես մասնակցությունը Հայկական ատոմային էլետրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։ *** ADS ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է մեր երկրի ներդրումային գրավչությանն ու գործարար միջավայրին, ներկայացրել փոխգործակցության ներուժը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանում ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ։ *** Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաեւ սննդամթերքի առաքման ոլորտում գործունեություն ծավալող հայտնի Sodial ընկերության ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է համագործակցության հնարավորությունների մասին։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ուսումնասիրելու սննդարդյունաբերության ոլորտը եւ արտահանման հեռանկարները։ Խոսելով մեր երկրի ընձեռած մրցակցային առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր