00:00:00

ՀՔԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մեղադրանքներին

21:48, 05 սեպտեմբեր 2018

ՀՔԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մեղադրանքներին, ըստ որոնց մեղադրյալի անձնագրի պահումը վարույթն իրականացնող մարմնում հակասահմանադրական է ճանաչվել: ՀՔԾ պարզաբանման մեջ ասվում է. «Կարեւորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին: Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական մարմնում պահվելու հարցին, նշել է որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի` մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քաջածանոթ լինելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման բովանդակությանը` հարկ է համարում նշել, որ հիշյալ որոշմամբ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որեւէ նորմ, այդ թվում` «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր չի ճանաչվել, որպիսի պայմաններում առնվազն անհասկանալի է պաշտպանի նման` իրականությանը չհամապատասխանող եւ միեւնույն ժամանակ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշումը: Հաշվի առնելով վերոգրյալը` կարող ենք ենթադրել, որ Արամ Օրբելյանի կողմից նման դիրքորոշման բարձրաձայնումը կամ ՀՀ ՍԴ որոշմանը ծանոթ չլինելու արդյունք է, կամ հետապնդում է փաստերը խեղաթյուրելով հասարակությանը մոլորեցնելու եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության օրինական գործունեությունը ստվերելու նպատակ, ինչը կասկածի տակ է դնում հենց պաշտպանի` որպես փաստաբանի եւ իրավաբանի կոմպետենտությունը, ուստի հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր