00:00:00

Փոխնախարար Դավիթ Գևորգյանը Շիրակի մարզում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

21:48, 05 սեպտեմբեր 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանը, Արա Մելիքջանյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաև մարզային և համայնաքին նշանակության այլ պատասխանատուներ։   Փոխնախարար Դավիթ Գևորգյանը հետաքրքրվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկով Գյումրի քաղաքում փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությամբ՝ կարևորելով խմբի արդյունավետ և կառուցողական աշխատանքը։ Փոխնախարարը նաև նշել է, որ վերահսկողության նպատակն է բացառել շինարարական աշխատանքներում հնարավոր բացթողումներն ու սխալները և Գյումրու քաղաքապետին հորդորել առավել սերտորեն համագործակցել հանձնաժողովի նոր կազմի հետ:   Փոխնախարար Գևորգյանը ներկաների ուշադրությունն է նաև հրավիրել նախագծանախահաշվարկային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներից և բյուջեից շեղումների վրա և կոչ արել մանրակրկիտ ուսումնասիրել գործընթացի արդյունքում արձանագրված ցանկացած բացթողում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի դարձնել նմանօրինակ քննարկումները, որի արդյունքում հնարավոր կլինի քաղաքում իրականացվող բարեկարգման աշխատանքները առավելագույնս արդյունավետ իրականացնել։   Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի կեսերին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գյումրու քաղաքապետին առաջարկել էր վերանայել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի» վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին Գյումրի քաղաքում փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կազմը։ Խումբը աշխատանքների իրականացման ողջ ընթացքում համակարգելու է ծրագրի իրականացման հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ ծրագրի համար ծառայությունների, աշխատանքների ու ապրանքների գնումը կազմակերպելու, կառավարելու, մոնիթորինգի ենթարկելու, գնահատելու և հաշվետվություններ կազմելու գործընթացները։ Աշխատանքային խմբի ղեկավարը մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր