00:00:00

«Ոմանց համար խոտն էլ ա սնունդ»․ թեժ քննարկումներ ԱԺ-ում

18:49, 05 սեպտեմբեր 2018

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր քննարկվել  է ընտրական բարեփոխումների համար մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունը ձեռնարկել է գործողությունների ամբողջություն` քաղաքացիների կամաարտահայտությունների վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար: Նրա խոսքով` քաղաքացիներն առաջիկա ընտրություններին պետք է լինեն ազատ և կարողանան ընտրել անկաշկանդ: «Ներկայացնում ենք Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում կատարվող մի շարք փոփոխություններ` այս խնդիրը լուծելու համար: Առաջարկում ենք ընտրախախտումների դեպքում նախատեսված մի շարք պատիժները խստացնել` միջին ծանրության հանցագործությունները դարձնել ծանր հանցագործություններ, որոշ արարքներ էլ ապաքրեականացնել: Առաջարկում ենք բարեգործության հետ միաժամանակ քարոզչություն իրականացնելը քրեականացնել: Թեկնածուի կամ դաշինքի կողմից քարոզչության ընթացքում դրամ խոստանալը, տալը քրեականացնել. դա այսօր ուղղակիորեն նմանվում է ընտրակաշառք տալուն կամ խոստանալուն հոդվածին, իսկ դա քրեական է»,- ասաց նա: Փոխնախարարը ներկայացրեց նաև մի շարք այլ առաջարկություններ, որից հետո նրան արձագանքեց հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Հովհաննիսյանն ասաց, որ կողմ է խստացնելուն, կողմ է, որ ընտրակեղծարարները պատժվեն, սակայն մտահոգություններ ունի, որոնք կապված են քաղաքացիների հետ: Նա բերեց օրինակներ և հնչեցրեց հարցադրումներ. «Եթե ինչ-որ մեկը գնում է տատիկի տուն և ընտրակաշառք առաջարկում, տատիկն էլ ասում է` լավ, բարի դեմքով ժպտում է կամ աչքերը ճպճպացնում, ասում է` այո, տատիկին պետք է երեք տարի դատապարտե՞լ»: Հովհաննիսյանն անդրադարձավ ընտրողի կողմից ընտրակաշառք պահանջելու վերաբերյալ փոփոխությանը: «Ընտրության շրջանում մարդը մտնում է որևէ հիմնադրամ, որոնք ասոցացվում են կուսակցությունների հետ` «Իմ քայլը», «Ծառուկյան», «Լույս», «ՀՀԿ», օրինակ եմ բերում, և ասում է` բարև ձեզ, հայրս սրտի վիրահատության խնդիր ունի, անհրաժեշտ է գումար: Սա ընտրակաշառքի պահա՞նջ է, կամ ասում է` ես ձեր աջակիցն եմ, միշտ ձեզ եմ ընտրել, երեխայիս դեղի խնդիր կա: Սա ընտրակաշառք պահանջել համարվո՞ւմ է, թե՞ ոչ»,-  հարցրեց նա: Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշեց, որ իր մտահոգություններն ուղղված են քաղաքացիների շահերը պաշտպանելուն: «Բարեգործությունը քրեականացնում եք, ասում եք` բարեգործության անվան տակ ընտրողներին դրամ, սննդամթերք է բաժանվում: Սեպտեմբերին միշտ բաժանվել են նման բաներ, հիմա համընկել է արտահերթ ընտրությունների շրջանի հետ, եթե նորից բաժանվում է` ինչպես ամեն տարի, դա ընտրակաշառք բաժանե՞լ է»,- հարցրեց նա և շեշտեց. «Պրոֆեսիոնալ ընտրակեղծարարներին պատժեք` ինչքան ուզում եք»: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն էլ հետաքրքրվեց կառավարության ներկայացուցչից. «Քարոզիչն ի՞նչ պետք է ասի, որ ձեր օրենքի մամլիչի տակ չընկնի»: ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն էլ արձագանքեց. «Պետք է խոստանա, որ գլուխը կջարդի»: ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր հերթին նշեց, որ վարչապետ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, մի լավ խոսք ուներ. «Չի կարելի ամեն ինչ սղղացնել»: Մեկ այլ ՀՀԿ-ական` Ալիկ Սարգսյանն էլ  նշեց` պետք է քաղաքացուն ասել` դուռը մի' բացեք, հենց բացեցիք կընկնենք կրակը: Մախմուդյանը շարունակեց. «Երբ ասվում է ընտրությունների քարոզչության ժամանակ սննդամթերք, արժեթղթեր և այլն են բաժանվում, հարցս տարօրինակ կարող է թվալ` սննդամթերքի տակ ի՞նչ է մտնում, պերաժկի՞ն, վարո՞ւնգը, թե՞ ինչը»: ԲՀԿ-ական Գևորգ Կոստանյանն արձագանքեց. «Ոմանց համար խոտն էլ ա սնունդ»: Կոստանյանի դիտարկումը հարուցեց հանձնաժողովականների ծիծաղը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր