00:00:00

«Շուկայում պետք է հստակ տարանջատումներ արվեն ապրանք ներկրողի, ապրանք արտադրողի և մանրածախ առևտուր կատարողի առումով». Արծվիկ Մինասյան

18:53, 03 սեպտեմբեր 2018

«Շուկայում պետք է հստակ տարանջատումներ արվեն ապրանք ներկրողի, ապրանք արտադրողի և մանրածախ առևտուր կատարողի առումով»: Նման հայտարարություն արեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը: Այս համատեքստում խոսվեց շաքարավազի շուկայի մասին: Ըստ նախարարի՝ եթե ունենք 1-2 սուբյեկտ, որոնք շուկան միմյանց միջև են բաժանել, ապա այդ դեպքում իրականացնելու են ներմուծողի և/կամ արտադրողի ու մանրածախ վաճառք իրականացնողի հստակ տարանջատում: Հարցին, թե շաքարավազ ներկրող «Ալեքս Գրիգը» չի՞ կարող «Երևան Սիթիում» շաքարավազ վաճառել, Արծվիկ Մինասյանն ասաց. «Առնվազն նույն սուբյեկտի մասով՝ ոչ: Խաղի կանոնը պետք է լինի հավասար բոլորի համար»: Ըստ նախարարի՝ այստեղ կարևորն այն է, թե տվյալ սուբյեկտն ինչ ազդեցություն ունի շուկայում: Այստեղ տարանջատումը պետք է լինի, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի: Նախարարը հայտնեց նաև, որ սուպերմարկետների վերաբերյալ օրենսդրական առաջարկություն են ներկայացնելու և ֆեյսբուքյան հանրությունից ևս ստացել են սուր, թույլ, կառուցողական առաջարկություններ: Նախարարի վկայությամբ՝ կա նաև բիզնես ինկուբատոր ստեղծելու գաղափար: «Կարևոր օրենսդրական երկու նախաձեռնություն ունենք, առաջինը պետություն-մասնավոր հատված գործունեությանն է վերաբերում, որի նպատակը օտարերկրյա ներդրողների համար լավ պայմաններ ստեղծելն է: Պետություն-մասնավոր հատված գործունեությունը պետք է կառուցված լինի հստակ խաղի կանոնների վրա»,- պնդեց բանախոսը՝ ավելացնելով, որ երկրորդ նախաձեռնությունը ներդրումային նոր օրենքի ստեղծումն է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր