00:00:00

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին

18:21, 03 սեպտեմբեր 2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Շնորհավորելով դեսպանին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներ Սիրիայի հետ, մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դեսպանի նախաձեռնություններին՝ ի նպաստ համագործակցության զարգացման եւ խորացման: Արա Բաբլոյանը կարեւորել է նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, խորհրդարանականների շփումների ու փոխայցերի ակտիվացումը: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների եւ միջոցառումների համար: Խոսելով երկու երկրների ներքաղաքական իրավիճակից՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ շուտով խաղաղություն, ներքաղաքական կայունություն եւ հասարակական համերաշխություն կհաստատվի Սիրիայում: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու բարեկամ Սիրիայի վերականգնողական աշխատանքներին: Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը զարգացնելու Սիրիա-Հայաստան հարաբերությունները բոլոր բնագավառներում: Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ դեռեւս չօգտագործված ներուժ կա տնտեսական ոլորտում: Սիրիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարեւորել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է եւ մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում: Անդրադառնալով Սիրիայի եւ Հայաստանի դարերի խորքից եկող հարաբերություններին ու պատմական ընդհանրություններին՝ դեսպանն ասել է. «Այն, ինչ տեսավ Սիրայի ժողովուրդն այս տարիներին, նման է այն ամենին, ինչ տեսան հայերն Արեւմտյան Հայաստանում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր