00:00:00

«Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ». Լավրով

17:48, 03 սեպտեմբեր 2018

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների առաջ ելույթ ունենալու ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Ռուսաստանին անհանգստացնում է Հայաստանում «եռացող» իրավիճակը: Ինչպես նշում է tass.ru-ն, միևնույն ժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ դա Հայաստանի ներքին գործն է: «Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, մասնավորապես՝ հետաքննվում են 10-ամյա վաղեմության  դեպքեր, կատարվում են ձերբակալություններ: Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց ցանկանում ենք, որ այդ ներքին գործերն ամուր հիմնվեն օրենքի ու Սահմանադրության վրա ու հնարավորինս արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարարական խնդիրների վրա»,-ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան հետաքրքրված է, որ դաշնակցային ու ռազմավարական գործընկեր պետություններում կայուն իրավիճակ լինի, ներքաղաքական գործընթացները հիմնված լինեն Սահմանադրության վրա, տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմաններ լինեն: «Դա այն ամենն է, ինչ մենք փորձում ենք անել մեր ինտեգրացիոն տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի, իսկ անվտանգության ոլորտում՝ ՀԱՊԿ-ի միջոցով»,-շարունակել է Լավրովը: Պաշտոնյան ևս մեկ անգամ շեշտել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է վարչապետի ընտրվելուց հետո տեղի ունեցող իրադարձություններին, սակայն երկրի ներքին գործերին միջամտելուն միտված որևէ քայլ չի նախաձեռնում: «Սակայն չեմ կարող ասել, որ մյուս արտաքին խաղացողները նույն կերպ են վարվում»,-նշել է դիվանագետը: Լավրովը հավելել է, որ մոտ ժամանակներս հանդիպում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: «Մոտ ապագայում ծրագրված է ևս մեկ հանդիպում անցկացնել ղեկավարների միջև: Պետք է հասկանալ՝ ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իր երկրում զարգացման հեռանկարները: Մենք անտարբեր չենք այն հարցին՝ ինչպես է նման իրավիճակում պետությունը կատարելու ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները»,-եզրափակել է ՌԴ արտգործնախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր