00:00:00

Պատրաստ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքում նշված գումարը. Արայիկ Հարությունյան

00:24, 02 սեպտեմբեր 2018

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ընկերները հայտարարություն են տարածել «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ նշելով, որ պատրաստակամ են դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը։ «Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը՝ վստահ լինելով, որ «Մարտիկ» հիմնադրամը այսուհետ ևս գործելու է հանուն Արցախի անվտանգության և հայ զինվորի ու սահմանապահի մարտունակության»,– ասվում է տարածված հայտարարությունում։ ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել էր, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի (շուրջ 54 մլն դրամ) գումարի վատնման դեպքեր են բացահայտվել  «Մարտիկ» հիմնադրամում. Մեղադրանք է առաջադրվել  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ Արթուր Աղաբեկյանը հայտարարություն է տարածելով՝ ասելով, որ ինքը համագործակցում է քննչական մարմինների հետ և մեղադրանքը չի ընդունում։ «Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը՝ շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ և «Մարտիկ» հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս և բարեկամներիս»,– ասվում էր Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր