00:00:00

Խորհրդակցություն ոստիկանությունում (տեսանյութ)

20:02, 25 օգոստոս 2018

Օգոստոսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը, կենտրոնական վարչակազմի և մարզային վարչությունների ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադառնալով համակարգի առաջիկա խնդիրներին` հատկապես կարևորեց անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպումն ու իրականացումը` կապված ուսումնական տարվա մեկնարկի հետ: Ոստիկանության պետն ընդգծեց, որ «Զգուշացե´ք. երեխաներ են» ավանդական միջոցառմանը պետք է նախորդեն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների այցելությունները դպրոցական հաստատություններ, գրպանահատության ու գողության դեպքերը բացառելու նպատակով պետք է ուժեղացված ծառայության կազմակերպել տոնավաճառներում ու առևտրի կենտրոններում, որտեղ այս օրերին աշխուժանում է ուսումնական պարագաների առևտուրը, իսկ սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքում և մարզերում պարտադիր է վերակարգերի առկայությունը դպրոցամերձ տարածքներում, հատկապես առավոտյան ժամերին և դասերի ավարտին: Կարգադրվեց դպրոցների շրջակայքում թարմացնել գծանշումները, ապահովել լուսակիրների տեսանելիությունն ու ճանապարհային նշանների առկայությունը: Վալերիյ Օսիպյանը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը հանձնարարեց անել ամեն ինչ ոչ միայն դպրոցականների անվտանգությունն ապահովելու, այլև հատկապես առաջին դասարանցիների սեպտեմբերի 1-ը տոնական դարձնելու համար: Հանձնարարականներ տրվեցին դեռահասների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Խոսքը հատկապես ավագ դպրոցների սովորողների մասին է, որոնց հետ հանդիպում-զրույցները էական նշանակություն ունեն հանցավոր դրսևորուները նվազեցնելու և օրինահարգ քաղաքացի դաստիարակելու գործում: Ոստիկանության պետը անդրադարձավ նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջակայքում արտաքին ծառայության կազմակերպման խնդիրներին` նշելով դրա կարևորությունը հասարակական կարգի պահպանման և երիտասարդների կողմից հակահասարակական արարքների բացառման առումով: Խոսելով ծառայողական և կատարողական կարգապահության հետագա ամրապնդման անհրաժեշտության մասին` Վալերիյ Օսիպյանը ղեկավարներից պահանջեց օպտիմալացնել ենթակաների աշխատանքը, ուժեղացնել վերահսկողությունը` մասնավորապես համայնքային ոստիկանության և արտաքին ծառայությունների ոլորտում, անհանդուրժող լինել կարգապահական ցանկացած խախտման հանդեպ` սկսած աշխատաժամանակի ոչ ռացիոնալ օգտագործումից մինչև ոստիկանության ծառայողի պահվածքն ու համազգեստի վիճակը: Վերլուծելով օպերատիվ ծառայությունների գործունեությունը` ոստիկանության պետը կրկին ընդգծեց կանխարգելիչ և բացահայտման աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը բևեռելով հատկապես նախորդ տարիներին կատարված հանցագործությունները բացահայտելու կարևորության վրա: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև ոստիկանության զորքերի ստորաբաժանման` մարտական հերթապահության անցնելու իրողությանը, որը կարևորեց ինչպես երկրի սահմանների պաշտպանության, այնպես էլ ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացման և ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման համատեքստում: Վալերիյ Օսիպյանը պահանջեց ամենօրյա աշխատանք տանել առաջիկա համապետական միջոցառումներին լիարժեք պատրաստվելու համար: Ոստիկանության պետն ընդգծեց հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Երևանի 2800-ամյա հոբելյանի օրերին ոստիկանության ստորաբաժանումների պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում կրկին հիշեցրեց ոստիկանության առաջնահերթությունները` ունենալ առավելագույնս ճշգրտված ընտրացուցակներ, բացառել ընտրակաշառքի ցանկացած դրսևորում, պահպանել հասարակական կարգն ու քաղաքացիների իրավահավասարությունը: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը դրական գնահատեց համակարգի 100-օրյա աշխատանքի արդյունքներն ու շնորհակալություն հայտնեց կատարված ծառայության համար: Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: https://www.youtube.com/watch?v=xPXL7FVwhyA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր