Գերմանիայի կանցլերը հայ-գերմանական հարաբերությունները լավ է համարում, բայց ըստ նրա կարող են էլ ավելի ընդլայնվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անգելա Մերկելը:
«Ուրախ եմ գտնվել այստեղ ոչ միայն ձեր հանրապետության 100-ամյակը տոնելու շրջանակներում, այլեւ՝ կատարվող նոր փոփոխությունների ժամանակ: Մենք հետեւել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ խաղաղ ցույցերին եւ թավշյա հեղափոխությանը, ինչպես ընդունված է այն անվանել», - ընդգծեց Անգելա Մերկելը:
Անդրադառնալով Ծիծեռնակաբերդ կատարած այցին նա հայտարարեց. «Մենք գիտակցում ենք, թե 1915-ին ինչ սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ եւ այդ փաստը չպետք է մոռացվի»:
Գերմանիայի կանցլերը կարեւորեց այն հանգամանքը, որ Հայաստանին հաջողվել է ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիր ստորագրել:
«Ուրախ ենք, որ Հայաստանին հաջողվել է կնքել խորը եւ համապարփակ համաձայնագիրը ԵՄ հետ: Գերմանիան իր ներդրումը կունենա համաձայնագրի իրագործման մեջ: Մենք պատրաստ ենք նաեւ պատասխանատվություն ստանձնելու ԼՂ խաղաղ կարգավորման շրջանակներում: Խոսել ենք այս մասին՝ կարեւոր է լուծել այդ հակամարտությունը խաղաղ մթնոլորտում», - ասաց Անգելա Մերկելը: