00:00:00

Մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի

22:13, 16 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել նաև 5-րդ և 6-րդ պահաբաժինների անտառապահներին: 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի արդյունքում: Մասնավորապես՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժինների անտառապահները ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ: Բացի այդ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցություններն իրենց ամրակցված պահաբաժինների տարածքում, առանց համապատասխան ստուգումներ իրականացնելու՝ ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել: Քրեական գործի տվյալներով՝ 2017 թ. ընթացքում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառապահ Ա.Սողոմոնյանին ամրակցված թիվ 5 պահաբաժնում ապօրինի հատվել է ընդհանուր 491 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 64.006.250 ՀՀ դրամի վնաս, իսկ անտառապահ Ս.Բեգլարյանին ամրակցված թիվ 6 պահաբաժնում՝ ընդհանուր 1649 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 270.879.750 ՀՀ դրամի վնաս։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Սողոմոնյանին և Ս.Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով: Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 12 անձի: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր