00:00:00

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

21:59, 16 օգոստոս 2018 Իրավական

2018 թվականի օգոստոսի 3-ին «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Լոռու մարզպետարանում գործող հիմնադրամների «կամավոր» հանգանակությունները» վերտառությամբ հոդվածը՝ մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից իրենց աշխատավարձի գումարները «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին փոխանցելու վերաբերյալ: Բացի այդ, 2018 թվականի օգոստոսի 4-ին և 5-ին Վանաձոր քաղաքի տարածքում գործող մի շարք ուսումնական հաստատությունների նախկին և ներկայիս աշխատակիցներ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդումներ, ապա նաև բացատրություններ են տվել այն մասին, որ ուսումնական հաստատություններում աշխատելու ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս պարտադրված կարգով իրենց աշխատավարձից մեկ տոկոսի չափով գումարներ են փոխանցել Լոռու մարզպետարանում գործող «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված հոդվածը, ինչպես նաև քաղաքացիների հաղորդումները պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշով բավարար տվյալներ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախախապատրաստվել են նյութեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Լոռու մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք ընդգրկված լինելով «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի կազմում, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, լրացուցիչ եկամուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, հրահանգել են մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին յուրաքանչյուր ամիս դպրոցի աշխատավարձի ֆոնդից մեկ տոկոսի չափով գումարներ փոխանցել «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին, որի արդյունքում ուսումնական հաստատությունների կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք յուրաքանչյուր ամիս, առանց ուսումնական հաստատությունների աշխատակիցների գիտության, մեկ տոկոսի չափով պահումներ են կատարել վերջիններիս աշխատավարձի գումարներից և փոխանցել հիմնադրամների հաշվեհամարներին: Արդյունքում, 2001-2018 թվականների ընթացքում միայն մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 15 ուսումնական հաստատություններից «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 82.011.166 ՀՀ դրամ գումար, որի արդյունքում էական վնաս է պատճառվել ինչպես ուսումնական հաստատության աշխատակիցների, այնպես էլ՝ կազմակերպությունների օրինական շահերին, որը միևնույն ժամանակ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, Լոռու մարզի դատախազությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր