Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ, մեկ անձ՝ ձերբակալվել:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ: Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացիներից ապօրինի կերպով գումար է վերցրել՝ վերջիններիս օգտին սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում գործողություններ կատարելու համար:
Դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում, եւ քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:
Իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 9-ի ինքնությունը եւ նրանցից 8-ը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել դեպքին՝ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության գործակալության Շենգավիթի տարածքային գործակալության նախկին մասնագետ, իսկ ներկա պահին տվյալ գործակալության պետի առնչության վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։