00:00:00

ՄԻՊ-ը՝ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

16:09, 09 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարինՀելսինկյանքաղաքացիականասամբլեայիՎանաձորիգրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից: Զանգահարողը հայտնել է նաև իր մտահոգությունը հիշյալ անձանց բռնության ենթարկվելու հնարավորության կապակցությամբ և խնդրել Պաշտպանի աջակցությունն իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքման հարցում: Ահազանգից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Ոստիկանության օպերատիվ խումբն արդեն իսկ մեկնել է դեպքի վայր: Դրանից հետո, ըստ Ոստիկանության լրացուցիչ պարզաբանման՝ Ոստիկանության ծառայողները տեղում պարզել են, որ մինչ իրենց ժամանելը տեղի է ունեցել միջադեպ գյուղի բնակիչների և գյուղ այցելած անձանց միջև, ինչի արդյունքում վերջիններից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ մարմնական վնասվածք ստացած անձինք տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ գյուղ այցելած մյուս անձինք հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար հրավիրվել են Ոստիկանության Գորիսի բաժին և գտնվում են բաժնում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստացած տեղեկությունները պարբերաբար փոխանցվել են ահազանգ ներկայացրած անձին, ինչպես նաև պահպանվել է օպերատիվ կապը Ոստիկանության հետ: Ավելի ուշ դեպքի կապակցությամբ ահազանգ է ստացվել նաև «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչի կողմից: Ներկայացվել են նշված բոլոր տեղեկությունները: Պարզաբանվել է նաև, որ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները։ Նշվածից բացի, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է նաև գրավոր ընթացակարգ: Դեպքի հանգամանքների և դրա առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ու պարզաբանումներ ստանալու նպատակով՝ համապատասխան գրություն է ուղարկվել Ոստիկանություն: Բարձրացվել են հարցեր, որոնք ի թիվս այլնի կապված են միջադեպիպատճառներիև տուժած անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի հետ: Նույն օրը մի շարք հարցեր լրացուցիչ քննարկվել են Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության հետ: Այդ պահի դրությամբ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակում նշանակվել են նաև դատաբժշկական փորձաքննություններ: Նկարագրված գործողությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմը կապվել է «Փինք Արմենիա» կազմակերպության, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված երկու անձանց հետ: Այլ հարցերի թվում նրանք նշել են, որ ունեն իրենց անվտանգության առնչությամբ մտահոգություններ՝ կապված իրենց սեռական կողմնորոշման հետ: Կապ է հաստատվել նաև միջադեպի մասնակիցներից Հայկ Հակոբյանի հետ (Շուռնուխ գյուղի բնակիչ), ով մտավախություն է հայտնել Շուռնուխում բնակվող իր ընտանիքի անդամների անվտանգության հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Այս հարցը լրացուցիչ քննարկվել է Ոստիկանության հետ: Նշված մտահոգությունները հաշվի առնելով՝ համապատասխան միջնորդությամբ ևս մեկ գրություն է ուղարկվել Ոստիկանություն: Ուսումնասիրվել են նաև Շուռնուխ գյուղի բնակիչների հրապարակային դիրքորոշումներն ու փաստարկները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում են: Անընդունելի ենք համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի հավասարությունն օրենքի առջև և արգելում խտրականությունը ցանկացած հիմքով: Կոնկրետ դեպքի առնչությամբ պետությունը պարտավոր է ապահովել միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և գործի անաչառ քննություն: Պետք է միջոցներ ձեռնարկվեն նաև միջադեպից տուժած անձանց իրենց անվտանգության վերաբերյալ մտահոգությունների առնչությամբ: Նման պարտավորություն պետությունն ունի իր բոլոր քաղաքացիների հանդեպ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր