00:00:00

«Սա կարևոր որոշում է». Փաշինյան

15:59, 09 օգոստոս 2018

«Դե ֆակտո որոշումը կայացված է, մնում է դե յուրե կայացնել: Խոսքը ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու մասին օրենքի նախագծի մասին է: Դա հանրության շրջանում հայտնի է որպես 1000 դրամների մասին օրենք: Նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017 թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ստացած անձինք կամ նրանց հարազատները: ՊՆ հետ քննարկեցինք և պարզեցինք, որ կա հնարավարություն այդ ամսաթիվը 2 տարով հետ տանել, օրենքի նախագիծը կտարածվի 2015 թվականից հետո տեղի ունեցած դեպքերին»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 15:00-ին կայանալու է նշված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, օրակարգում ներառված է 2015-16 թթ. ընթացքում նշված չափանիշներին համապատասխանող զինծառայողներին շահառու ճանաչելու հարցը: «Ընդհանուր առմամբ՝ շահառու կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ»,- ասաց Դ.Տոնոյանը: Ըստ Ն.Փաշինյանի՝ մի նուրբ պահ կա, որ ապրիլյանի զոհերը և տուժածներն այդ օրենքի շահառու չէին համարվում. «Սա կարևոր որոշում է»: Վարչապետը դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ ասելով, որ կան ոչ անհայտ ընկերություններ, որոնք վճարումները չեն կատարում, կամ պարտքեր ունեն: Նա նշեց, որ ընկերությունների անունները կփոխանցի, և կոչ արեց բոլոր ընկերություններին վճարումները կատարել: Ն.Փաշինյանի կարծիքով՝ հիմնադրամը պետք է մեծանա, որպեսզի շահառու դառնան ավելի վաղ ժամանակում զոհված կամ տուժածների ընտանիքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր