«Գալակտիկա տրանս սերվիսի» հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն. Փաշինյանին.
«Հարգելի պարո՛ն Վարչապետ
այս նամակով դիմում եմ Ձեզ, հույս ունենալով, որ ձայնս վերջապես կհասնի տեղ: Հանգամանքի բերումով Շուշան Խաչատրյանս տարիներ շարունակ բախվեցի մի շարք անարդարությունների և անօրինակությունների, որոնք անմիջապես կապ ունեն տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության հետ: Այս պատմությունը շարունակվում է շուրջ 9 տարի: Հույս ունեմ, որ նոր Հայաստանում, նոր իշխանությունների հովանու ներքո, կկայացվեն արդարացի և անկողմնակալ որոշումներ:
1960-ական թվականներին հայրս՝ Մուշեղ Խաչատրյանը ղեկավարել է 3-րդ մերձքաղաքային ավտոբուսային պարկը: ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո այն քիչ ընկերություններից մեկն է եղել, որ չի թալանվել և տրանսպորտային միջոցները որպես մետաղալոմ չի օտարվել, այլ շարունակել է աշխատել և իրականացնել ուղևորափողադրումներ:
2001 թվականին 3֊րդ մերձքաղաքային ավտոբուսային պարկը սեփականաշնորհվել է և սեփականաշնորհումից հետո շարունակել է իրականացնել նույն գործառույթը առանց խաթարման եւ Մ. Խաչատրյանի կողմից վերանվել «Գալակտիկա տրանս սերվիս», որն իրականացրել է կանոնավոր ուղևորափոխադրումներ՝ Երևան քաղաքից Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզեր:
2009 թվականից հորս մահից հետո ընկերությունը շարունակել ենք տնօրինել մեր ընտանիքի անդամներով եւ պայքարում ենք մեր ընտանեկան բիզնեսի համար, որը մեր երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է ստեղծվել։ Նշեմ, որ բազմիցս անգամ ցանկացել են մեր ընտանեկան բիզնեսին տիրանալ մի քանի մեր երկրի օլիգարխներ, իսկ այսօր մեր բիզնեսն ցանկանում են իրենցով անեն քրեական հեղինակություն ունեցող անձինք, ովքեր ակնհայտ երևում է, որ ունեն հովանավորներ: Բազմիցս դիմումներ ենք ներկայացրել տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին և ներկայիս նախարարներին, սակայն իրավիճակը չի փոխվում: