00:00:00

Կարծում եք՝ Քոչարյանին ձերբակալելով Մարտի 1-ը կբացահայտվի՞. ՀՀԿ անդամ

20:13, 04 օգոստոս 2018

ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը վրդովված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումից: NEWS.am-ի հետ զրույցում նա տարակուսանք հայտնեց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի այն պնդման կապակցությամբ, որ Քոչարյանն այս պահին պետք է մնա կալանքի տակ։ «Հատուկ քննչական ծառայության պետն այնպես է խոսում, կարծես Քոչարյանն ինչ կարգի հանցագործ է, որ պարտադիր պետք է բանտում պահել: Ամբողջ հետսովետական միության մեջ առաջին դեպքն է, որ գործող նախագահը բանտում է հայտնվում»,- ասաց ՀՀԿ-ականը՝ խուսափելով գործին քաղաքական ենթատեքստ տալուց: «Ես չէ, որ որոշեմ՝ ով է քաղաքական բանտարկյալ, ով՝ ոչ։  Կարելի էր չբանտարկել, հետո արդեն կորոշվի քաղբանտարկյալ է, թե՞ ոչ։  Ես չեմ կարծում, որ քննության փուլում կարելի է էդ որակումը տալ: Քոչարյանն էլ իշխանության գալուց հետո ավելի շատ ցայտուն օրինակներով կարող էր նույնը անել, բայց երբ եկավ իշխանության, ասեց՝ մենք նայում ենք առաջ, ոչ թե հետ։ 96 թվին ոչ մի բան չի՞ եղել, դրանից առաջ ոչ մի բան չի՞ եղել»,- ասաց նախկին պատգամավորը։ Անդրադառնալով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ՀՀԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքի շուրջ մեկնաբանություններին, թե ՀՀԿ-ն ինքնապաշտպանվում է, ասաց. «Բանտարկելը հեշտ գործ է... երկրում սիրո եւ համերաշխության հեղափոխությունը վեր է ածում բանտերը մարդկանց լցնելով: Է ինչ, բոլորին կարող են բռնել։ Ես արդեն ասեցի՝ ընդհանրապես իշխանափոխությունից հետո պոստսովետական երկրներում նման բան չի եղել: Որ այդպես լիներ Պուտինը պիտի կախեր Ելցինին, որովհետեւ Ռուսաստանի նման հզոր երկիրը քանդուքարափ արեց, բայց էդ մարդը հանգիստ գնաց ապրեց մինչեւ իր բնական մահը։ Դուք կարծում եք Յանուկովիչը փախե՞լ է: Հնարավորություն են տվել, որ երկրից բացակայի։ Համենայնդեպս, միջազգային ռեզոնանսը՝ կապված Քոչարյանի ձերբակալության հետ, բացասական է։ Չեմ կարծում, որ աշխարհը ցնցվել է դրանից, որ Քոչարյանին բանտարկել են»։ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի համոզմամբ՝ Քոչարյանին բանտարկելով՝ Մարտի 1-ի սպանդը չի բացահայտվի։ «Կարծում եք՝ Քոչարյանին ձերբակալելով Մարտի 1-ը կբացահայտվի՞։ Եթե Դուք էդ կարծիքին եք, որ Մարտի 1-ը եւ քաղաքական սպանություններն ամբողջ աշխարհում երբեւէ բացահայտվել են, թյուրիմացության մեջ եք։ Դա միջազգային օրենք է կարծես թե։ Մարտի 1-ն առաջի՞ն դեպքն է, սկսել ենք վերջից քննարկել էդ հարցերը, թող սկսեն մինչ այդ տեղի ունեցածից»,- հավելեց Համլետ Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր