2018 թ. օգոստոսի 3-ին ՀՀ Վարչական դատարանը շարունակեց քննել ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցը:
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով 2018 թ. մարտի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված դատական նիստից առաջ դատական կարգադրիչները, իմանալով, որ Արթուր Սաքունցը մասնակցելու է վերոնշյալ դատական նիստին, խուզարկել են և վերցրել նրա անձնական տվյալները:
Մինչդեռ այլ դատական նիստերի մասնակցող քաղաքացիներին դատական կարգադրիչները չեն խուզարկել:
Դատարան ներկայացված հայցով Ա. Սաքունցը նշել է, որ խուզարկության գործընթացն ակնհայտ նվաստացման միտում է ունեցել, և պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Դատական դեպարտամենտի կարգադրիչների գործողությունները:
Հայցադիմումին կից ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, որ դատական կարգադրիչները ակնհայտ խտրական վերաբերմունք են ցուցաբերում՝ անձի պաշտոնից ու կարգավիճակից կախված:
Երեկ կայացած դատական նիստի ընթացքում դատարանը լսեց Ա. Սաքունցի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի հայցադիմումի հիմնավորումներն ու հետազոտեց ինչպես հայցվոր կողմի, այնպես էլ պատասխանողի ներկայացրած տեսանյութերը:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ