00:00:00

ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը. Քոչարյանի պաշտպան

17:11, 04 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպան Սարգիս Գրիգորյանը: «Երեկվա ՀՔԾ պետի վերլուծությունը կոնկրետ քրեական գործի, իմ տեսակետից, միջամտություն էր արդարադատությանը, որը հստակ խախտում է եւ ամրագրված նորմ է սահմանադրական օրենք Դատական օրենսգրքում, որն արձանագրում է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական պրոցեսը: Մենք կարծում ենք, որ ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը կամ կոնկրետ գործի քննարկումն անմիջական միջամտում է արդարադատության պրոցեսին »,- նշեց նա: Նշենք, որ օգոստոսի 3-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ծավալուն հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ինչպես նաեւ մանրամասներ ներկայացրել հույժ գաղտնի 0038 հրամանից: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. նա 2 ամսով կալանավորված է: ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր