ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքին պատկանող վարչական տարածքի երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքեր՝ բազալտանման քարաբեկորների քանդման հետքեր, որի հետեւանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական վնաս՝ ընդհանուր առմամբ 1.286.234 դրամի չափով:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ընդերքի ապօրինի օգտագործման փաստերով քրեական գործեր են հարուցվել նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազությունում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գեղհովիտ համայնքի տարբեր հատվածներում առանց համապատասխան թույտվության կատարվել են ընդերքի համապատասխան օգտագործում՝ պետությանը պատճառելով զգալի չափի վնաս:
Նկատի ունենալով, որ նկարագրված իրավիճակներում առկա են ընդերքի օգտագործման կանոնների խախտման հատկանիշների առերեւույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում եւ Գեղարքունիքի մարզի դատախազությունում հարուցվել են 5 քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: