00:00:00

Այս տարվա ապրիլին ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել 13 լրագրող. ՀՔԱՎ մոնիտորինգի արդյունքները

21:54, 02 օգոստոս 2018 Իրավական

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Ոստիկանության կողմից 2018 թ. առաջին կիսամյակում մարդու իրավունքների խախտման դեպքերի՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները: Այս առնչությամբ կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Տեղեկանքում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները ներկայացված են նախորդ երեք տարիների համեմատությամբ: Ըստ այդմ՝ կարծես թե, դասեր են քաղում ու իրենց գործում հմտանում ինչպես զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, այնպես էլ ցուցարարներն ու ոստիկանության ծառայողները: Լրատվամիջոցներն ավելի պատրաստված են, նյութերն ավելի ընդգրկուն, ցուցարարները` ավելի իրազեկ իրենց իրավունքներին, ոստիկաններն էլ, իրենց հերթին, ավելի հաճախ ու բացահայտ դիմում են քաղաքացիական հագուստով անձանց «ծառայությանը»` ինչպես կարելի է եզրահանգել ցույցերից հետո քրեական գործերի բովանդակություններից եւ ներգրավվող անձանցից, ըստ երեւույթին՝ որպեսզի խուսափեն հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Սակայն պետք է փաստել, որ զուգահեռաբար աճել է նաեւ լրագրողների աշխատանքի վտանգավորության աստիճանը. միայն 2018 թվականի ապրիլի 16-22-ը՝ 7 օրվա ընթացքում, արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու 17 դեպք, որոնց ժամանակ ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել 13 լրագրող: Մշտադիտարկումը ցույց է տալիս նաեւ, որ մարզերում հանրային միջոցառումները պատշաճ ձեւով չեն լուսաբանվում, հավանաբար՝ մարզերում ԶԼՄ-ների սահմանափակ ներկայացվածությամբ եւ ռեսուրսների անբավարարությամբ պայմանավորված: Այս տեսանկյունից կարեւոր է ընդգծել, որ տեսախցիկով լրագրողը կարող է նվազագույնն արձանագրել եւ վավերագրել խախտումը, իսկ առավելագույնը` կանխարգելիչ դեր ունենալ ոստիկանության ապօրինի գործողությունների համատեքստում: Ուսումնասիրությունը համեմատություն է անցկացնում նաեւ 2015-2018 թվականների մայիս-հունիս ամիսներին ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի միջեւ՝ հաշվի առնելով 2018 թ. մայիսի 8-ից Հայաստանում նոր կառավարության հանգամանքը: Ըստ այդմ՝ 2018 -ի մայիս-հունիս ժամանակահատվածում արձանագրվել է 6 դեպք, մինչդեռ 2017-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 29, 2016-ին՝ 31, 2015-ին՝ 7: 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման ընդհանուր 166 դեպք: Հատկանշական է, որ եթե 2018 թ.-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 29 դեպք, ապա ապրիլ ամսին աձանագրվել է 119 դեպք (116-ը` հանրային միջոցառումների ժամանակ): Մայիս ամսին արձանագրվել է 5 անհատական բնույթի դեպք եւ ոչ մի դեպք հանրային միջոցառումների ժամանակ, եւ հունիս ամսին արձանագրվել է մեկ դեպք հանրային միջոցառումների ժամանակ, երբ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ ԱԱԾ-ի մոտ փողոցի երթեւեկելի հատվածում ցույց անող Մանվել Գրիգորյանի աջակիցների միջեւ: Ճիշտ է, կիսամյակային կտրվածքով դեպքերի քանակն ավելի քիչ է նախորդ տարիների համեմատ, սակայն 166 դեպքերից 119-ն արձանագրվել է շատ կարճ ժամանակահատվածում` ապրիլի 11-25-ը, իսկ բերման ենթարկվածների թիվը կազմել է 1200 անձից ավելի, ինչն աննախադեպ է: Համեմատության համար նշենք, որ մինչեւ 2018 թվականի ապրիլ ամիսը բերման ենթարկվածների թվով առաջատարը 2016 թվական էր, երբ հուլիսի 17-ին` Սասնա Ծռեր խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրը մեկնարկած ցույցերի ժամանակ` մինչեւ հուլիսի 30-ը, ԶԼՄ-ներով արձանագրվել էր ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 84 դեպք, իսկ բերման էր ենթարկվել մոտ 700 անձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր