00:00:00

Օսիպյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի, Վայոց ձորի եւ Արարատի մարզեր. Նա ցուցանիշներից դժգոհ է

21:48, 02 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 1-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մարզային այցելությունների ծրագրով Սյունիքի մարզում էր եւ աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերի Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը նշեց մի քանի օբյեկտիվ պատճառ, որոնց արդյունքում ցուցանիշների թվային պատկերը կարող էր այդպիսին լինել, բայց միեւնույն ժամանակ ընդգծեց, որ չի հանդուրժի, եթե նույն պատկերը լինի տարվա 3-րդ եռամսյակի ամփոփմամբ։ Ոստիկանության պետը պահանջեց անհանդուրժող լինել հանցագործությունները գրանցումից թաքցնելու, քաղաքացու հանդեպ անպատշաճ վերաբերմունքի եւ ցանկացած այլ արատավոր երեւույթների հանդեպ, ինչպես եւ լիարժեք աշխատել համայնքների, հասարակության հետ: Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունը նոր Հայաստանում նոր ոստիկանության ձեւավորման գործում՝ Վալերի Օսիպյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության եւ հարգանքի նշանակությունը, ինչի գրավականն էլ անկաշառ, պետական մտածողությամբ պրոֆեսիոնալ ոստիկանն է: Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հատկապես ուշադրությունը կենտրոնացնել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների անօրինական շրջանառության եւ բնակարանային գողությունների արագ բացահայտմանը։ Վալերի Օսիպյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում պահվեն նաեւ նախկինում կատարված հանցագործությունները, անկախ դրանց վաղեմությունից: Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Սյունիքի մարզի մի խումբ ոստիկաններ պարգեւատրվեցին ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով եւ հուշանվերներով։ Հաջորդ հանդիպումը Եղեգնաձոր քաղաքում էր։ Ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների աշխատակիցներ հետ։ Վալերի Օսիպյանը նախ անդրադարձավ տարվա առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։ Ոստիկանության պետը հանձնարարեց արմատապես բացառել հանցագործության դեպքեր թաքցնելու եւ չգրանցելու արատավոր երեւույթը։ Մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվեց կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն եւ մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու համար։ Ոստիկանության պետը հատուկ ընդգծեց, որ այսուհետ առաջխաղացման եւ խրախուսման գնահատականը լինելու է բացառապես ոստիկանի սրտացավ աշխատանքը եւ վստահեցրեց, որ բոլոր արժանիները խրախուսվելու են։ Վալերի Օսիպյանի հրամանով խրախուսվեցին նաեւ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության մի խումբ ծառայողներ Աշխատանքային օրվա ավարտին Վալերի Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Առաջադրվող պահանջները նույնն էին՝ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներում ցուցանիշների բարելավում, հատուկ ուշադրություն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների, նախկինում կատարված եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության մի խումբ ծառայողներ խրախուսվեցին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր