00:00:00

Հայաստանի ՍԴ-ն եւ Վճռաբեկ դատարանը արդեն կարող են Եվրադատարանից խորհրդատվական կարծիք խնդրել

20:52, 01 օգոստոս 2018 Իրավական

Այսօրվանից Հայաստանի Սահմանադրական դատարանը եւ Վճռաբեկ դատարանը կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանությանը կամ կիրառմանը, հաղորդում է «Ազատությունը»: Համաձայն Եվրոպական դատարանի հաղորդագրության, դա հնարավոր է դարձել տասը անդամ երկրների կողմից ստորագրված եւ վավերացված՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից թիվ 16 Արձանագրության ուժի մեջ մտնելով: Հայաստանը փաստաթուղթը վավերացրել է անցած տարվա հունվարին: Արձանագրությունը վավերացրել են նաեւ Ալբանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Լիտվան, Սան Մարինոն, Սլովենիան եւ Ուկրաինան: Եվս տասը երկրներ՝ Իտալիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Հունաստանը, Թուրքիան, Սլովակիան, Ռումինիան, Անդորրան, Մոլդովան, Բոսնիա եւ Հերցեգովինան, ստորագրել են փաստաթուղթը, սակայն դեռ չեն վավերացրել: Հաղորդագրությունում նշված է, որ Եվրադատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը ներառելու է պատճառները եւ պարտադիր ուժ չի ունենալու: Եվրադատարանը կարող է իր հայեցողությամբ բավարարել կարծիքի համար դիմումները կամ ոչ: «Թիվ 16 Արձանագրության ուժի մեջ մտնելը կամրապնդի երկխոսությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ազգային բարձրագույն դատարանների միջեւ: Սա հիմնարար քայլ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պատմության մեջ եւ նշանակալի զարգացում Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այն նաեւ նոր մարտահրավեր է մեր Դատարանի համար», - հայտարարել է Եվրադատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր