00:00:00

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում չարաշահումների արդյունքում պետությանը շուրջ 520 մլն դրամի վնաս է հասցվել. ՔԿ

22:27, 31 հուլիս 2018 Իրավական

Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում կատարված առերեւույթ չարաշահումների դեպքի առիթով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից: Քննչական կոմիտեում ստացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.06.2018թ. թիվ 1459-Ա հրամանով կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ նյութերը։ Նշված ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ բժշկական կենտրոնն իրականացրել է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով անվճար բժշկական եւ սպասարկման ծառայություն, որի ընթացքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ: Մասնավորապես, ընկերության մի շարք աշխատակիցներ, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել եւ օգտագործել են կեղծ փաստաթղթեր, որի միջոցով խարդախությամբ հափշտակել են բժշկական կենտրոնին փոխանցված առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված գումարի չափը կազմում է մոտ 519.073.350 ՀՀ դրամ։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ, ստեղծվել քննչական խումբ։ Ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ առերեւույթ չարաշահումների բոլոր հանգամանքները, պետությանը պատճառված վնասի իրական ծավալները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր