00:00:00

Քոչարյանը կներկայանա դատարան. նիստը՝ առավոտյան

06:32, 27 հուլիս 2018 Իրավական

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար հրավիրված նիստը հետաձգվել է. այն կկայանա հուլիսի 27-ին ժամը 11-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը: Սահակյանը վստահեցնում է՝ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա դատարան: «Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա, ուղղակի հարկավոր է պատշաճ կերպով ծանուցել: Նա չի ստացել ծանուցագիր: Մեզանից ոչ ոք չի կասկածում, որ նա կներկայանա, եւ վաղը դուք դրանում կհամոզվեք»,- նշեց նա: Փաստաբան կարծիքով՝ սա ՀՔԾ-ի կողմից է արվում: «Նա իր համար պրոբլեմ չի ստեղծի: Սա ուղղակի աշխատանք է, որ կատարվում է Հատուկ քննչական ծառայության կողմից, որպեսզի անպայման ապացուցի, որ Քոչարյանը խուսափում է ներկայանալ դատարան: Մենք համոզված ենք, որ պարոն Քոչարյանը չի խուսափում ներկայանալ դատարան: Նա այն մարդը չի, որ խուսափի, եւ երկրորդ, եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա, կապրեր արտերկրում»,- հավելեց Ռուբեն Սահակյանը: Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հուլիսի 26-ին ՀՔԾ-ում հարցաքննվել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի կայազորի պետն էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ Արմեն Գեւորգյանը, որը 2008 թվականին զբաղեցնում էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր