00:00:00

Երևանցի ճանաչված բժիշկը եղբոր հետ սպանել ու այրել է կնոջը կուսությունից զրկած տղամարդուն․ 1990թ. ինչպես եղել է

13:36, 23 հուլիս 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ 1990 թվականի մայիսին Արաբկիրի ՆԳ բաժնում Արմեն Գ.-ի հարազատների կողմից դիմում ստացվեց, որ Արմենը երկու օր առաջ տանից դուրս է եկել ու չի վերադարձել: Արմենը մեքենա ուներ: Օրեր անց նրա մեքենան հայտնաբերվեց Երևանի Խորհրդային շրջանի տարածքում: Սակայն Արմենի գտնվելու վայրը մնում էր անհայտ: Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում հարցաքննվեցին Արմենի բարեկամները, մտերիմները, ընկերները: Ուսանողական ընկերներից մեկը մտաբերեց, որ Արմենը ինտիմ կապի մեջ է եղել անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի ուսանողուհի Գայանե Մ.-ի հետ: Գայանեի տվյալներն իրավապահները ճշտեցին անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտից: Գայանեն արդեն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու, երկու երեխաների հետ: Նրա ամուսինը ճանաչված բժիշկ էր: Իրավապահները ճշտեցին Գայանեի հասցեն, այցելեցին նրա տուն: Բժիշկ ամուսինը տանը չէր, տանն էր նրա եղբայրը: Վերջինս պատրաստակամություն հայտնեց հարսի՝ Գայանեի հետ ներկայանալու ՆԳ բաժին: Գայանեի հետ իրավապահների զրույցը ոչ մի արդյունք չտվեց: Նա կտրականապես ժխտում էր Արմենի հետ որևէ կապ՝ իր ամուսնանալուց ի վեր: Այնուամենայնիվ, կնոջ պահվածքում կասկածելի բան նկատելով՝ իրավապահները որոշեցին դիմել «Ներքին գաղտնալսում» գործողությանը: Գայանեն ու նրա տագրը առանձին թողնվեցին աշխատասենյակներից մեկում՝ աշխատողները «հրատապ գործերով» դուրս եկան սենյակից: Հենց որ մենակ մնացին՝ Գայանեի տագրը մոտեցավ հարսին ու խստաձայն պահանջեց. «Ինչ էլ անեն՝ հանկարծ ոչինչ չխոսես, նրանք չեն կարող բացահայտել, ոչ մի հետք չենք թողել…»: Իրավապահները վերսկսեցին Գայանեի հարցաքննությունը: Կինը երկար ժամանակ ջանաց անդրդվելի մնալ, բայց ի վերջո խոստովանեց ու բացահայտեց ծանր հանցագործությունը, որը ծանրացել էր նրա, նրա ամուսնու և ամուսնու եղբոր խղճի վրա: Գայանեի ամուսին Սամվելը հաջողակ մարդ էր՝ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի անցնելով՝ շուտով ճանաչում էր ձեռք բերել: Գայանեի հետ ամուսնացել էր սիրելով, արդեն երկու երեխա ունեին: Միայն թե բժիշկ Սամվելը շատ խանդոտ էր: Տարիների ընթացքում խանդը ավելի էր ուժեղանում, Սամվելը ցանկանում էր իմանալ կնոջ կյանքի բոլոր-բոլոր գաղտնիքները: Գայանեն Սամվելի հետ ամուսնության պահին կույս չէր, Սամվելը այն ժամանակ հավատացրել էր, թե դա իր համար կարևոր հանգամանք չէ: Բայց երկու երեխա ունենալուց հետո էլ նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինքը չէր եղել իր կնոջ առաջին տղամարդը: Օրերից մի օր Սամվելը կնոջ հետ մտերմիկ զրույցի էր բռնվել, անկարևոր գաղտնիքներ էր բացել իր կյանքից, ապա կնոջը հորդորել էր, որ ասի իր կյանքի առաջին տղամարդու անունը: Կինը մի քիչ դիմադրել, բայց ի վերջո տվել էր Արմենի անունը: Սամվելը հասել էր իր նպատակին: Ավելին՝ իրենց «անմեղ» զրույցը Սամվելը կնոջից գաղտնի ձայնագրել էր, որ «փաստ» ունենա… Հետագա օրերին Սամվելը կնոջը պարտադրել էր, որ զանգի Արմենին ու ժամադրի՝ ասելով, թե ամուսինը տանը չէ, կարող են հանդիպել հենց իրենց տանը… Արմենը, ոչինչ չկասկածելով և ուրախանալով նախկին սիրուհու զանգից, գնացել էր նրանց տուն: Գայանեն առաջարկել էր, որ «ապահովության համար» իջնեն տան նկուղ և կարոտներն առնեն… Նկուղ իջնելով՝ Արմենն ընկել էր Սամվելի ու նրա եղբոր ծուղակը: Վերջիններս երկաթե ձողերով ծեծել, խոշտանգել էին Արմենին: Հետո նրան մահամերձ վիճակում մեքենայով տարել էին գաջի գործարանի հարակից ձոր, բենզին էին լցրել վրան ու վառել էին, իսկ դիակի այրված մնացորդները գցել էին ջրանցքը… Արմենի դիակը չհայտնաբերվեց, այն վայրում, որտեղ այրել էին դիակը հայտնաբերվեցին համապատասխան հետքեր… Սամվել Գ.-ն ու նրա բժիշկ եղբայրը դատապարտվեցին 14-ական տարի ազատազրկման՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար, իսկ Գայանեն դատապարտվեց 5 տարի ազատազրկման՝ մարդասպաններին օժանդակելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր