00:00:00

Լոռու մարզում կտրուկ ակտիվացել է կավատության դեմ պայքարը. մի շարք փաստեր են բացահայտվել

22:24, 20 հուլիս 2018 Իրավական

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ եւ վերլուծությամբ պարզվել է, որ նախորդ տարիներին մարզի վարչական տարածքում բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների՝ հատկապես պոռնկության զբաղվելուն նպաստելու դեպքեր չեն արձանագրվել: Վերջինս, սակայն, ոչ թե մարզում այդ բնույթի հանցագործությունների լիարժեք բացակայության մասին է վկայում, այլ այդպիսիք բացահայտելու ուղղությամբ տարվող աշխատանքների անբավարարության: Լոռու մարզի դատախազի կողմից դեռեւս 2017թ. նոյեմբերին եւ 2018թ. մարտին գրություններ են հասցեագրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության   դեմ  պայքարի  գլխավոր վարչության պետին՝ մարզային վարչությանը ենթակա ստորաբաժանումներում համապատասխան լիազորությամբ օժտված ծառայությունների ներգրավմամբ օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ ձեռնարկելու եւ այս բնույթի հանցագործությունների բացահայտման աշխատանքները բարելավվելու նպատակով: Դրա հիման վրա իրականացված աշխատանքների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել մարզի վարչական տարածքում գործող մի շարք հաստատություններում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ: Այդ տեղեկությունների իրացմամբ, մասնավորապես, ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ այն մասին, որ Լ. Մ.-ն Վանաձոր քաղաքի «Հացատուն Ղշլաղ» կոչվող հյուրանոցում 2017թ. մինչ 2018թ. մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում, գույքային օգուտ ստանալու նպատակով տարբեր անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար պարբերաբար հարմարեցված սենյակներ է տրամադրել մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց՝  այդ կերպ նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն: Դեպքի առթիվ  2018թ. մարտի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, Լ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Մայիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ: Մարզի դատախազության նախաձեռնությամբ բացահայտված պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մյուս դեպքերն արձանագրվել են մարզի վարչական տարածքում գործող 5 հյուրանոցային համալիրներում: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս. Կ.-ն 2016թ. վերջերից 2017 թվականի կեսերն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում գործող մի շարք հասարակական սպասարկման հաստատություններում՝ հյուրանոցային համալիրներում եւ շոգեբաղնիքների հարմարեցված սենյակներում, վերջիններիս աշխատակիցների հրավերով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ, ինչն իրենց ցուցմունքներում հաստատել են նաեւ նրա հետ վարձատրության դիմաց սեռական հարաբերություն ունեցած անձինք: ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ներկայումս կատարվում է նախաքննություն: Բացահայտված մյուս դեպքն արձանագրվել է Վանաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող մասնավոր բնակարանում, որի սեփականատեր Մ. Ն.-ն գույքային օգուտ ստանալու նպատակով, տարբեր անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար պարբերաբար բնակարանը տրամադրել է մարմնավաճառներին ՝ այդ կերպ նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն: Այս դեպքով 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝  այս բնույթի այլ դեպքեր բացահայտելու, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր