Էրեբունիում ապրիլի 20-ին անչափահասներին մահակով բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբոր Սարգիս Հակոբյանի եւ ընկերների գործով անդրանիկ դատական նիստի օրը հայտնի է:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սույն գործով նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին ժամը 16:30-ին: Գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝Սարգիս Հակոբյանին, Գագիկ Ազարյանին, Սարգիս Բաղդասարյանին, Վլադիմիր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 20.04.2018թ. ժամը 13:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց, մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով եւ որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ: Նրանք նախաքննության սկզբում կալանավորվել էին, ապա Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվել: Սույն գործով տուժողը «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդին է՝ Դավիթ Ավետիսյանը: