00:00:00

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ որոշումը Վերաքննիչը կհրապարակի վաղը. Փաստաբանը փակագծերը չի բացում

03:01, 20 հուլիս 2018 Իրավական

Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը հրաժարվում է գործի վերաբերյալ մեկնաբանություն տալ: NEWS.am-ի հետ զրույցում Մհեր Հակոբյանը հայտնեց միայն, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 19-ին, նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի կողմից քննվել է Վաչագան Ղազարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը: «Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի հուլիսի 20-ին: Նիստը եղել է դռնփակ, այս պահին տեղեկություններ չեմ ցանկանում հաղորդել»,- ասաց պաշտպանը: Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը  հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաեւ ապօրինի հարստացել է: Մինչեւ 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի` Երեւան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում 2018թ.-ի հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ վերջինիս պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 2.000 ԱՄՆ դոլար: 2018թ.-ի հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել է 50.000 ԱՄՆ դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120.000 ԱՄՆ դոլար եւ 436.000.000 ՀՀ դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել եւ առգրավվել են: Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝  460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի եւ 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը, եւ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինս ապօրինի հարստացել է: Վաչագան Ղազարյանը կալանավորված է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր