00:00:00

Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել. ոստիկանությունը քննություն է իրականացնում

21:47, 19 հուլիս 2018 Իրավական

Թեղուտ գյուղում մոտ 30 հոգի ծեծի են ենթարկել ազգային պարկը հսկող 3 կամավորի: «Այս մասին իրենց ֆեյսբուքի էջում գրել են «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները: «Չգիտենք, թե ինչ պատճառաբանություն են մեջ բերելու նման կերպ վարվելու համար, բայց բոլորին էլ պարզ է՝ իրական պատճառն այն է, որ տղերքն ուղղակի չեն թողնում անտառները կտրել ու վաճառել»,- նշված է հայտարարության մեջ: Նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ տարիներ շարունակ Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակչության մի հսկայական զանգված կաշառք է տվել, ապօրինի անտառ է ոչնչացրել ու հիմա էլ չեն հասկանում, որ բնությունը վերացնելով՝ երկիրն են վերացնում: Ավելի ուշ նրանք գրել էին, որ հենց այդ նույն գյուղերում կան մարդիկ, ովքեր կողքից հետևում են, թե իրենց հարևաններն ինչ են անում և չգիտեն, թե ինչպես փոխեն գյուղի մտածելակերպը: Մարդիկ ցավում են իրավիճակի համար: Դեպքի վայր շտապ ժամանել են ոստիկանության ծառայողները, ովքեր միջոցներ են ձեռնարկել ծեծկռտուքը դադարեցնելու, կողմերին օրինականության դաշտ բերելու, ինչպես և դեպքի պատճառներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նույն օրվա երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հաղարծինի բնակչուհի, 1930 թ. ծնված Ռոզա Թ.-ն, որը հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում իրենց տնից ոչ հեռու նկատել է հավաքված երիտասարդների ու հարցրել է, թե ինչու են հավաքվել: Երիտասարդները պատասխանել են, թե պայքարում են ապօրինի ծառահատումների դեմ: Ըստ Ռոզա Թ.-ի` ինքը առաջարկել է հեռանալ իրենց թաղամասից, ինչից հետո երիտասարդներից մեկը անսպասելի հրել է նրան, ինչի հետևանքով կինը վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ տարբեր տեսակի և աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Դիլիջանի բնակիչ, 1991 թ. ծնված Հայկ Խ.-ն, Գյումրու բնակիչ, 1995 թ. ծնված Դավիթ Մ.-ն, Երևանի բնակիչ, 2001 թ. ծնված Գագիկ Ջ.-ն և Դիլիջանի բնակիչ, 2003 թ. ծնված Արծիվ Կ.-ն: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ իրենք «Բնապահպանի տուն» հ/կ անդամներն են և վնասվածքները ստացել են ժամը 17.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում տեղի ունեցած վերոհիշյալ ծեծկռտուքի երկու դեպքերի ժամանակ: Ոստիկանության ձեռնարկած անհետաձգելի ու ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ծեծկռտուքի ժամանակ երիտասարդներին մարմնական վնասվածքները պատճառել են Ռոզա Թ.-ի որդին ու թոռները: Ոստիկանների հետագա գործողություններով Ռոբերտ, Գևորգ, Շահեն, Նվեր Մ.-երը հայտնաբերվել, բերվել են ոստիկանության բաժին ու տվել համապատասխան բացատրություններ: Միջադեպի վերաբերյալ բացատրություններ են վերցվել նաև գյուղի տասնյակից ավելի բնակիչներից: Տուժողների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր