00:00:00

10 մլն դրամի յուրացում. Դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

19:30, 18 հուլիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու եւ իշխանության անգործություն դրսեւորելու համար: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012թ. նոյեմբերին 47-ամյա գնդապետը նշանակվել է N դիվիզիայի հրամանատար, որտեղ ֆինանսական ծառայության պետի պաշտոնը 2002 թվականից զբաղեցրել է հարազատ եղբայրը՝ կոչումով մայոր։ Նկատի ունենալով, որ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրի 115-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական ծառայության պետը գտնվել է նույն զորամասի (տվյալ դեպքում՝ դիվիզիայի) հրամանատարի անմիջական ենթակայության ներքո՝ մայորը ֆինանսական ծառայության պետ է նշանակվել այլ զորամասում՝ այդպիսով դուրս գալով եղբոր անմիջական ենթակայությունից։ Իսկ նրա փոխարեն դիվիզիայում կատարվել է այլ նշանակում։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետը, հարազատ եղբոր ծառայությունն իր անմիջական ենթակայության ներքո կազմակերպելու համար, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը։ Այն է՝ եղբոր տեղափոխության հրամանի առկայության պայմաններում, իր ենթակայության տակ գտնվող զորամասերի հրամանատարական կազմին հանձնարարել է, որ եղբայրը շարունակելու է կատարել դիվիզիայի ֆինանսական ծառայության պետի պարտականությունները, ինչի արդյունքում դիվիզիայում ծառայությունն իրականացնելու դիմաց սահմանված ամենամսյա լրավճարները 2013-2016թթ. փոխանցվել են գնդապետի եղբոր հաշվեհամարին: Բացի այդ, ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարը, հարազատ եղբոր ծառայությունն իր անմիջական ենթակայության ներքո կազմակերպելով, դրսեւորել է իշխանության անգործություն, որի հետեւանքով անզգուշությամբ պետությանը պատճառվել է ծանր նյութական վնաս: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայության պետը, 2013-2016թթ. կատարելով ԼՂՀ ՊԲ N դիվիզիայի ֆինանսական ծառայության պետի պարտականությունները, անձնակազմի դրամական բավարարումների վերաբերյալ կազմված պաշտոնական փաստաթղթերում ապօրինի հավելագրումներ կատարելու եւ հավելագրված գումարն իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով հափշտակել է պետական ֆոնդից դուրս գրված եւ իր հաշվեհամարին փոխանցած առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10.108.023 ՀՀ դրամ: Հայտնել էինք նաեւ, որ մայորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, եւ քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը: Բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ նախկին հրամանատարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին եւ 375-րդ հոդվածի 2-րդ մասերով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր