00:00:00

«Սասնա ծռերից» Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել. Պաշտպան

19:21, 18 հուլիս 2018 Իրավական

«Սասնա ծռեր» խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որեւէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով դատարանի դահլիճում այսօր՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հայտարարությանը: Հարցին, թե այդ դեպքում՝ ինչու է Պավլիկ Մանուկյանն այսօր նման հայտարարություն արել, Վարոսյանը կարճ պատասխանեց. «Բացարձակ անհասկանալի է»: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 18-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ ոստիկանության ՊՊԾ գնդում պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը: «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը։ Բանկոմատը բացելու խնդիր, մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է։ Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան ի շահ պետության եւ արդարության: Խնդրում եմ վերականգնեք արդարությունը, եւ ես ձեզ կդիմեմ պարոն դատավոր բառով, որը դուք կվաստակեք»,- հայտարարել է Պավլիկ Մանուկյանը: Լրագրողների հետ զրույցում Էդվարդ Ավետիսյանն ու Մխիթար Ավետիսյանն ասել են, որ Պավլիկ Մանուկյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում: Վարուժան Ավետիսյանը էլ դատարանի դահլիճում հայտարարել է, որ Պավլիկ Մանուկյանի արած հայտարարությունը ոչ թե «Սասնա ծռերի» հայտարարությունն է, այլ միայն Պավլիկ Մանուկյանինը: Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր