ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Դրանցից մեկը վերաբերում էր պետական գնումներին: Ըստ Կարապետյանի՝ գնումների գործընթացում թերություններ են արձանագրվել: «2017-ին ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումներում ունենք տնտեսումներ, բայց այն բյուջեն, որը տալիս ենք նախարարություներին ավելցուկ գումարներ են առաջանում, որոնք հետ են վերադարձվում»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ մեծ խնայողություններ գնումների գործընթացում չեն լինում, քանի որ պլանավորումները շատ են, չնայած տենդերներով գնումների դեպքում նվազում կա: Շեղումներ կան փաստացի ձեռք բերվածի եւ պլանավորվածի միջեւ: Կարեն Կարապետյանը հանձնարարեց ֆինանսների նախարարին` երկամսյա ժամկետում մշակել եւ հանրությանը ներկայացնել 20-30 հիմնական ապրանքի բնութագրեր ամեն ապրանքի համար, բացի դեղերից, մեկ միասնական չափման միավոր: Իսկ 2 ամսում յուրաքանչյուր դեղամիջոցի չափման մեկ միասնական միավոր հրապարակել:
Գործադիր մարմնի ղեկավարի մյուս հանձնարարությունը վերաբերում էր տնտեսավարողներին տրամադրվող թույլտվությունները մեկ միասնական հարթակով հրապարակելուն, որի համար պետք է աշխատեն բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարություններն ու ՊԵԿ-ը:
Երրորդ հանձնարարականը վերաբերում էր լիզինգային գործունեությանը: «Լիզինգային գործունեության տարածումը դրական կազդի արդյունաբերության զարգացման վրա: Այդ նպատակով հանձնարարում եմ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը մշակել եւ կառավարություն ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթը՝ լիզինգային գործունեության զարգացման համար»,- ասաց վարչապետը: