ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականի մասով նախաքննությունը մեկ ամիս տեւեց. այդ մասով քննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:
Միհրան Պողոսյանի օգնականը՝ Անդրանիկ Իսոյանը, ապրիլի 21-ին Քանաքեռ-Զեյթունում՝ Ուլնեցի փողոցի վրա ցուցարարների մեքենաների վրա ենթադրաբար հարձակված անձանցից մեկն է: Միջադեպը, հիշեցնենք, տեղի էր Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր առաջ։ Ապրիլի 21-ին եւ 22-ին Քանաքեռ-Զեյթունում, Ավանում եւ Էրեբունիում դիմակավորված անձինք մահակներով հարձակվել էին ցուցարարների մեքենաների վրա, ջարդուփշուր արել դրանք, ինչպես նաեւ հարձակվել ցուցարարների վրա: Վերը նշված դեպքերով թեեւ մի քանի մեղադրյալներ կան, սակայն Միհրան Պողոսյանի օգնականը միակն է, որ անազատության մեջ է:
Անցյալ շաբաթ ՀՀ քննչական կոմիտեն Անդրանիկ Իսոյանի մասով հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով նրա մասով նախաքննության ավարտի եւ գործը դատարան ուղարկելու մասին:
Ըստ այդմ՝ ապրիլի 21-ին, ժամը 13:30-ի սահմաններում մի խումբ անձինք «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաներով ժամանել են Կ.Ուլնեցու փողոց, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել էին ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, մահակներով իջնելով ավտոմեքենաներից, տեւական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, մահակներով հարվածել «Մերսեդես բենց», «Նիվա» եւ «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենաներին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված խուլիգանությանը մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ, ով Երեւանի բնակիչ է՝ Ա.Իսոյանը: Վերջինս, ըստ քրեական գործի տվյալների, մահակով հարվածել է «Մերսեդես բենց», ապա՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ապակիներին:
Այպիսով՝ Անդրանիկ Իսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Մեղադրանքն ապացուցվելու դեպքում Միհրան Պողոսյանին սպառնում է առավելագույնը 5 տարվա ազատազրկում: Առաջադրված մեղադրանքում, սակայն, Իսոյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:
- Պարոն Մեժլումյան, առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել ձեր պաշտպանյալը:
- Մեղքը չի ընդունում, հրաժարվում է ցուցմունք տալուց:
- Այսինքն՝ դեպքի վայրում չի՞ եղել:
- Ավել տեղեկություն այս պահին չեմ կարող տրամադրել:
- Մեղադրանքի վերաորակման հետ կապված խնդիր տեսնում ե՞ք, նման միջնորդություն ներկայացրել ե՞ք:
- Ապագայում որոշակի գործողություններ հնարավոր է, որ կատարենք, բայց հիմա չեմ կարող մանրամասնել:
- Նախաքննության ընթացքը ինչպե՞ս եք գնահատում, բացթողումներ եղե՞լ են:
- Բոլոր դեպքերում մենք ամբողջ գործի վերաբերյալ համապատասխան միջնորդություններով դատարանում հանդես կգանք, այդ ժամանակ արդեն ավելի պարզ կլինի:
- Նրա մասնակցությամբ քննչական գործողություններ, մասնավորապես առերես հարցաքննություններ տեղի ունեցե՞լ են:
- Նախաքննության ընթացքում գործողություններ եղել են բազմաթիվ տարբեր տիպի, բայց էլի չեմ կարող մանրամասնել՝ ում հետ ոնց:
- Քանի որ նախաքննությունն այդ մասով կատարվել է, ինչո՞ւ չեք կարող ասել՝ ում հետ է առերեսում եղել:
- Նախաքննական գաղտնիքի պահով չի, զուտ պաշտպանական մարտավարությունից ելնելով:
Այս գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ այժմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Զարուհի Բաթոյանը: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Բանն այն է, որ Զարուհի Բաթոյանը դեպքից հետո հայտնել էր, որ իրեն հասած տեղեկություններով, ցուցարաների մեքենաների վրա հարձակված անձինք ապրիլի 21-ին իջել էին ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին եւ նրա աշխատակիցներին պատկանող մեքենաներից, բացի այդ, Բաթոյանը կասկածներ ուներ, որ մեքենաներից մեկի ներսում է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը։
Մեր տեղեկություններով, սակայն, սույն քրեական գործի շրջանակներում Միհրան Պողոսյանը չի հարցաքննվել: Նախաքննության ընթացքում քննիչները խուզարկություններ էին կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) պատկանող երկու ընկերությունում: Խուզարկությամբ ընկերություններից մեկից «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենաներ են հայտնաբերվել:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ մայր գործով քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նշված մեքենաների այդտեղ հայտնվելու հանգամանքերը, այնպես էլ խուլիգանությանը անմիջական մասնակցություն ունեցած անձանց շրջանակը:
Նշենք, որ Միհրան Պողոսյանն իր օգնականի կալանավորումից հետո հայտարարել էր, թե նոր Կառավարությունը շարժվում է վենդետայի սկզբունքով: Ապա հայտարարել էր, որ բացակայում են իր օգնականին կալանքի տակ պահելու հիմքերը: