00:00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի գործողություններում հանցակազմ չկա. պաշտպան

01:20, 05 հուլիս 2018 Իրավական

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գործողություններում ընդհանրապես հանցակազմ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Արա Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ «Թյուր կարծիք է ստեղծվել հանրության շրջանում, միգուցե ձեւակերպումների պատճառով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը 130 միլիոն դրամ հափշտակել է: Հիմնադրամի միջոցներից ոչ մի կոպեկ չի պակասել, խոսքը քարտի օգտագործման մասին է, ինչը նշանակում է, որ ոչ կանխիկ միջոցները նա օգտագործել է, հետո կանխկիկ գումար մուտքագրել։ Այսինքն՝ ոչ մի գումար հիմնադրամից չի հափշտակվել։ Սփյուռքահայերի եւ, առհասարակ, հավաքագրված գումարը տնօրենի կողմից չի օգտագործվել։ Ինչ վերաբերում է քարտին, այո, անկանխիկ գումարը օգտագործել է եւ դրա փոխարեն կանխիկ գումար մուտքագրել»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ  Արա Վարդանյանի գործողություններում հանցակազմ չկա։ Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ Վարդանյանի՝ վարկային քարտից վատնած միջոցները հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին, այնուհետեւ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն ՀՀ դրամ: Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ: Արա Վարդանյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր