«Եթե կարելի է սայթաքել ու այդպես մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա: Այսինքն՝ ամեն երրորդը հանրապետությունում կարող է նման վնասվածքներով ման գա՞լ»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու նրա անվտանգության ծառայության պետի կողմից ծեծի ենթարկված քաղաքացուն:
Ավելի ուշ, հիշեցնենք, տուժողի կինը պնդել էր, թե ամուսինը սայթաքել ու վայր է ընկել, ինչի հետևանքով էլ ստացել է վնասվածքները:
«Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է: Առաջին օրը մենք ամրագրել ենք, ծեծը տուժողի հաղորդման հիման վրա է արձանագրվել: Թե հետո ինչ եղավ, դուք արդեն ինքներդ կարող եք հասկանալ»,- ասել էր Օսիպյանը:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանապետի այս հայտարարությանը նշեց․ «Իր մոտ հավատ չի ներշնչել, որ տուժողի հետ կապված ինչպես է եղել իրավիճակը։ Ոստիկանապետը պետք է միանշանակ զերծ մնա որեւէ գնահատական տալուց, որովհետեւ գնում է նախաքննություն, եւ ինքը ներկայացնում է շահագրգիռ կողմ, այն մասով, ինչ մասով ինքը ներկայացնում է պետական կառույց։ Այնպե, որ միանշանակ գտնում եմ, որ ոստիկանապետը չպետք է որեւէ կերպ միակողմանի ցույց տալ իր վերաբերմունքը նախաքննական նյութի բովանդակության նկատմամբ։ Համարում եմ, որ դա ճիշտ չէ»,- ասաց Մելքումյանը, հավելելով, որ ընթանում է նախաքննություն, եւ պետք է ցուցաբերել չեզոքություն։
Հարցին, թե երեկ հայտարարվել է, որ փաստաբանը բողոքարկելու է Էդուարդ Բաբայանի ձերբակալման որոշումը, այն տեղի ունեցել է։ Ի պատասխան Մելքումյանը նախ նշեց, որ երեկ երկու անգամ եղել է հիվանդանոցում, հանդիպել է տուժողի հետ, ով մեկ անգամ եւս պնդել է, որ որեւէ խնդիր չունի, ապա խոսել է բժիշկների հետ։ «Այո, փաստաբանները ովքեր զբաղվում են, բողոքարկվել է։ Այսօր դատական նիստ է նշանակվել։ 72 ժամը վաղն է լրանալու, եւ ձերբակալման որոշումը բողոքարկվել է։ Այսօր կլինի որոշում, հիմա կարծեմ դատարանը խորհրդակցական սենյակում է»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Irakanum.am