ՀՀ ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու գործընթացը՝ շեշտը դնելով քարոզչության վրա։ Այս ուղղությամբ տարված բացատրական աշխատանքի արդյունքում, ոստիկանության Արարատի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում հունիսի 28-ին և 29-ին արձանագրվել են զենք-զինամթերք ինքնակամ հանձնելու դեպքեր։
Հունիսի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին իրավապահներին ներկայացրել է 9 մմ տրամաչափի 48 փամփուշտ, առանց պայթուցիչի Ֆ-1 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 8 փամփուշտով և 5,45մմ տրամաչափի 21 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահունակ։ Քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որն այն ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին։
Հունիսի 29-ին մի կին ինքնակամ զենք-զինամթերք է ներկայացրել ոստիկանության Արարատի բաժանմունք։ Ներկայացվածը եղել է 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակելու համար նախատեսված ինքնաշեն հրազեն, 2 Ֆ-1 նռնակ՝ պայթուցիչներով և 5,45 մմ տրամաչափի 95 փամփուշտ։ Նա հայտնել է, որ զենքն ու զինամթերքը պատկանել են հանգուցյալ ամուսնուն։
Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ինքնակամ ներկայացնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը, քանի որ այդ դեպքում անձն ազատվում է ապօրինի պահելու համար նախատեսված քրեական պատժից։