00:00:00

Նոր խախտումներ հոգեբուժարանում․ որոշ անձինք բուժում են ստանում առանց իրենց համաձայնության

19:52, 02 հուլիս 2018 Իրավական

Հունիսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հատուկ հանձնարարությամբ չհայտարարված այց են կատարել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են կենտրոնի մի շարք բաժանմունքներ, առանձնազրույցներ են իրականացվել այնտեղ պահվող անձանց հետ եւ ուշադրություն է դարձվել նրանց առնչվող փաստաթղթերին: Այցի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական կազմակերպությունում պահվում են անձինք, ովքեր ստացիոնար բուժում են ստանում առանց իրենց, իսկ առանձին դեպքերում՝ առանց օրինական ներկայացուցչի համաձայնության: Պարզվել է նաեւ, որ բուժում ստանալուց հրաժարվելու հարցը օրենքով սահմանված կարգով քննարկման առարկա չի դարձել, չի հրավիրվել հոգեբուժական հանձնաժողով՝ վերջիններիս ստացիոնար բուժման անհրաժեշտությունը քննարկելու համար: Ստացվում է՝ անձանց նկատմամբ իրականացվում է հարկադիր բուժում, այսինքն՝ բուժում առանց անձի իրազեկված համաձայնության եւ (կամ) դատարանի համապատասխան ակտի: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոսպիտալացման եւ բուժման վերաբերյալ իրազեկված համաձայնության հարցն ունի հատուկ կարեւորություն: Անձը պետք է հնարավորություն ունենա մատչելի բացատրությունների հիման վրա իր դիրքորոշումն արտահայտել այս հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ: Կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է նաեւ, որ հոգեբուժական կազմակերպությունում շարունակում են կիրառվել ֆիզիկական զսպման միջոցներ (ռետինե գոտիներ եւ այլն)՝ ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պահանջների խախտմամբ: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից մեկի պնդմամբ՝ իր նկատմամբ ֆիզիկական զսպում կիրառվել է այլ անձանց ներկայությամբ՝ ընդհանուր հիվանդասենյակում: Առանձնազրույցների ընթացքում պարզվել են տեղեկություններ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց չի տրամադրվում բացօթյա զբոսանքի դուրս գալու հնարավորություն։ Պարզվել է, որ բաժանմունքներից մեկում զբոսանքի դուրս բերման մատյան չի վարվում: Մեկ այլ բաժանմունքում մատյանը վարվում է թերություններով եւ ոչ հետեւողական: Այցի ավարտին արձանագրված բոլոր խախտումները քննարկվել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված խնդիրների լուծմանը նպաստելու եւ իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր