00:00:00

«Էնպես չի, որ սուրբ էր, նոր էր տղամարդ տեսնելու…». երևանցի կինը Նոնային տարել է Դուբայ՝ մարմնավաճառության

02:38, 02 հուլիս 2018 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սվետա Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: 46-ամյա Սվետա Կ.-ին մեղադրանք էր առաջադրված այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով ՀՀ պետական սահմանը հատելով՝ կազմակերպել է Նոնա Մ.-ի (անունը փոխված է) Դուբայ տեղափոխումը և 2016 թվականի փետրվարի 26-ից նրան ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ, ինչպես նաև նույն Նոնա Մ.-ի տեղափոխումը մեկ անգամ ևս կազմակերպելով՝ 2016 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի սկիզբը այլ ձևով է նպաստել նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի սկզբներին Սվետան համացանցի միջոցով շփում է հաստատել Նոնայի հետ, տեղեկացել է, որ նա գործազուրկ է, գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, պարտքեր ունի: Շահադիտական նպատակով՝ միջնորդավճար ստանալու պայմանով, Սվետան Նոնային առաջարկել է միասին մեկնել Դուբայ ու բարձր վարձատրությամբ զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով նրան ապահովել հաճախորդներով, կացարանով և այլ պայմաններով: Նոնա Մ.-ն համաձայնել է: Սվետան նրա անձնագրի պատճենի հիման վրա ստացել է Դուբայ մեկնելու վիզա, գնել է ինքնաթիռի տոմս: Ըստ մեղադրանքի՝ այդ կերպ Սվետա Կ.-ն ՀՀ պետական սահմանը հատելով՝ անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով Նոնա Մ.-ին 2016 թվականի փետրվարի 26-ին տեղափոխել է Դուբայ, Նոնային այնտեղ ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ: Նոնան այդ «արհեստով» զբաղվել է մինչև մարտի 25-ը, այնուհետև վերադարձել են Հայաստան: Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2016 թվականի ապրիլին Սվետան Նոնային նորից է առաջարկել մեկնել Դուբայ՝ նույն պայմաններով: Նոնան համաձայնել է: Սվետան նրան 2016 թվականի ապրիլի 15-ին տեղափոխել է Դուբայ, նպաստել է, որ Նոնան մինչև մայիսի սկիզբը զբաղվի պոռնկությամբ՝ այդ նպատակով նրան տրամադրել է կացարան ու ապահովել է հաճախորդներով: Նախաքննական մարմինը Սվետա Կ.-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 261 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 262 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում և դատական քննության ժամանակ Սվետա Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա հայտնել է, թե Նոնան եղել է իր հարևանուհու քրոջ աղջիկը: Նաէ դիմել իրեն՝ «Օդնոկլասնիկի» իր էջին նամակ է եկել. «Ես Նոնան եմ»: Նոնան ասել է, թե մատուցողուհի է աշխատում, պարտքերի մեջ թաղված է՝ բանկերից գումարներ է վերցրել, պարտքով շորեր է առել, չի կարողանում այդ գումարները փակել: Ինքը Նոնային ասել է, թե թոռնիկ ունի, երկու-երեք տարի է՝ Դուբայ չի գնացել, դրանից առաջ ինքը Դուբայ էր գնում, առևտուր էր անում: Թոռնիկի ծնվելուց հետո իր պայմանները որոշ չափով վատացել են, տունը «բանկի տակ է դրել», գումար է վերցրել, գնացել է Դուբայ՝ ապրանք բերելու: Այդպես՝ մի երկու անգամ գնացել-եկել է: Նոնան իրեն նամակով ասել է, թե ցանկանում է հանդիպել, զրուցել և օգնություն խնդրել: Իրենք հանդիպել են «ռայկոմում», հետո գնացել են «Երիցյաններ», զրուցել են: Նոնան է խնդրել իրեն Դուբայ տանել…Նա ասել է, թե պատրաստ է ամեն ինչ անելու, «ով ինչ ուզում ա՝ խոսա», ասել է նաև, թե փող չունի: Խնդրել է, որ ինքն օգնի, ինքնաթիռի տոմս առնի, խոստացել է Դուբայում պարտքը վերադարձնել: Ինքը համաձայնել է: Ինքը Նոնայի անձնագիրն ուղարկել համապատասխան օֆիս՝ վիզաները բացելու, նրան վստահեցրել է, թե նրա հետ կլինի, չի թողնի որ նեղացնեն, վիրավորեն: Միասին մեկնել են Դուբայ: Այնտեղ ամեն բան նորմալ է եղել, աշխատել են: Ինքը Նոնային օգնել է, բայց շահադիտական նպատակ չի ունեցել, հակառակը՝ ինքն է նրան գումար տվել, մինչև հիմա նա իրեն գումար է պարտք: Նոնան իր աշխատած գումարը մոտն է պահել: Միասին գնացել են գնումներ կատարելու, նա իր փողով իր համար է գնումներ կատարել, ինքն իր փողով թոռնիկի համար է գնումներ կատարել: Պատահել է՝ ինքն իր գումարով Նոնայի համար էլ է բան առել՝ որպես նվեր: Գնացել են բանկ՝ միասին դոլար են փոխել, ամեն մեկն իր գումարը մոտն է պահել: Այնտեղ Նոնան հիվանդացել է, ինքը նրա համար ամեն բան արել է՝ շորերն է լվացել և այլն: Նա էլ իր համար է արել՝ իրենց մեջ վատ բան չի եղել: Վերադարձել են Հայաստան: Երկրորդ անգամ Նոնան հղի էր: Վիրահատվել է՝ այդպես է ասում: Ինքն ասել է, թե գնալու է Դուբայ, նա խնդրել է իրեն էլ տանել: Նույն ձևով գնացել են: Մնացել են հյուրանոցում, նորից ամեն բան նորմալ է եղել: Ինքը մեղավոր չի, որ նա չի աշխատել, ինքն ի՞նչ պիտի աներ: Ինքը նրանից լավ է աշխատել, Նոնան նախանձել է: Ինքը նրան չի շահագործել, նրա գումարը չի կերել… Մինչև Դուբայ գնալը իրենք խոսել են մարմնավաճառությամբ զբաղվելու մասին: Ինքը նրան ասել է, որ բացի առևտրից՝ զբաղվում է մարմնավաճառությամբ: Նա ասել է, թե ինքն էլ կզբաղվի… Հաճախորդներ պարտադրելու վերաբերյալ խոսակցություն չի եղել: Ինքը Նոնային բացատրել է, որ տեղ կա՝ սրճարան է, գնում են այնտեղ, նստում են, ամեն մեկն իր համար հաճախորդ է գտնում, պայմանավորվում են ու գնում են հաճախորդի հետ: Ամեն մարդ այնտեղ իր գինն ունի, յուրաքանչյուրն ինչպես կարողանում, այնպես էլ աշխատում է: Ինքն ասել է, թե ամեն մարդ իր արժեքն ունի, մնացածը մարդուց է կախված… Իրենց ոչ մեկը կացարան չի տրամադրել, ապրել են հյուրանոցում, անձնագրերը թողել են ներքևում, բարձրացել են իրենց սենյակ՝ դա «նորմալ ընտանեկան հյուրանոց էր»: Երկրորդ անգամ իր ու Նոնայի բաժանման պատճառը եղել է գումար կորչելու վերաբերյալ խոսակցությունը: Դրանից հետո Նոնան ասել է, թե չի կարողանում այլևս մնալ Դուբայում, ուզում է վերադառնալ Հայաստան: Ինքը չէր կարող Նոնայի գումարները վերցնել, նա ամեն բան հասկանում էր, կարողանում էր ամեն բան բացատրել ու իր գումարը ստանալ: Ինքը ֆինանսական խնդիրներ է ունեցել, դրա համար է գնացել Դուբայ՝ ոսկի է գրավ դրել, գնացել, գումար է աշխատել, եկել ու պարտքերը փակել է: Ինքը Նոնային օգնել է «զուտ մարդկային ձևով»: Մտածել է՝ նրա մոտ «մարմնավաճառությունը կստացվի», քանի որ նա ասել է, թե կարողանում է դա անել, միայն ասել է, թե Դուբայից է վախենում: Ինքն ասել է՝ վախենալու բան չկա… Էնպես չի, որ Նոնան «առաջին անգամ էր տղամարդ տեսնելու», էնպես չի, որ նա սուրբ էր, ու ինքը նրան զոռով է տարել, կամ նա չի իմացել, թե ուր է գնում: Նոնան էնտեղ «ձեռով-ոտով» իրենից լավ էր խոսում: Առաջին անգամ Դուբայում մնացել են 28 օր: Նոնան զբաղվել է մարմնավաճառությամբ օրական 1-2 անգամ: Ինքը չգիտի՝ նա հաճախորդներից ինչքան գումար էր վերցնում՝ ամեն մեկն իր համար էր աշխատում: Նոնան ասել է, թե 1500-1800 դոլար պարտք ունի, իր կարծիքով՝ առաջին անգամ այդ գումարն աշխատել են, Նոնան Հայաստան գալով՝ կարող էր իր պարտքերը փակել, ոչ թե ռեստորաններ գնար: Նա իրեն պատմել է, որ եկել, բոլորին հավաքել, տարել «կերցրել-խմցրել է»: Ինքը հարցրել է՝ պարտքերդ փակե՞լ ես: Նա ասել է՝ չէ: Նոնայի համար Դուբայում ինքը հաճախորդ չի գտել, ամեն բան նա էր անում, նա երիտասարդ է, պատահել է՝ նա իր համար էլ է հաճախորդ գտել… Ինքը Նոնային չի խոստացել, թե մարմնավաճառությամբ շատ մեծ գումարներ է աշխատելու, ասել է՝ մի օր լավ կլինի, մի օր՝ վատ… Չի եղել, որ ինքը Նոնային «այլ տեսակի սեռական ծառայություն» մատուցելու առաջարկ անի, ու վիճաբանություն առաջանա… Ինքը չգիտի՝ Նոնան ինչու է իր դեմ ցուցմունք տալիս, նա զրպարտում է իրեն… Նոնան Դուբայում իրեն ասել է. «Ես Դուբայում եմ, գիտես, չէ, բայց Երևան եմ գնալու, կտենաս՝ քո գլխին սարքելու եմ»: Ինքն էլ ասել է. «Ուրեմն ճիշտ էին ասում քո մասին, որ կարող ես անմեղ մարդկանց գլխին սարքել…»: Նոնան գիտեր, որ գնում է Դուբայ մարմնավաճառությամբ զբաղվելու, նա Երևանում էլ էր զբաղվում՝ գիտեր՝ «մարմնավաճառությունն ինչ է, տղամարդու հետ վերաբերվելն ինչ է»… Ինքը նրան զոռով չի տարել, չի խաբել, որևէ շահադիտական նպատակ չի ունեցել… Տուժող Նոնա Մ.-ն հայտնել է, թե առաջին անգամ, երբ Սվետան իրեն տարել է Դուբայ, ինքը գոհ է եղել: Հայաստան վերադառնալով՝ վիրահատվել է: Երկրորդ անգամ չի ցանկացել գնալ, Սվետան իրեն շատ է համոզել, ի վերջո՝ նորից տարել է: Բայց նա իր հետ երկրորդ անգամ շատ վատ է վարվել, այնպիսի հաճախորդների հետ է ուղարկել, որոնց ինքը չի ցանկացել: Ստիպված ինքն ասել է, թե ուզում է վերադառնալ Հայաստան: Նա իրեն հետ չի ուղարկել, գումարները նրա մոտ էին: Նա իրեն գիշերներն էր ուղարկում աշխատելու, ինքը վախենում էր հաճախորդներից: Նույնիսկ թմրամոլի հետ է իրեն ուղարկել, նրան չի հետաքրքրել՝ իրեն ուր են տանում, ինչ են անում… Սվետան իրեն սպառնացել է, որ եթե ժամանակից շուտ Հայաստան վերադառնա, տղաներին կասի ու իրեն կտանեն «օբշյագ կգցեն», նա իրեն ասել է՝ դու ոչինչ չունես, «անտեր շուն ես», իսկ ես փող ունեմ ու ծանոթներ… Առաջին անգամ Դուբայ գնալուց առաջ Սվետան իր արտաքինի վրա ծախս չի արել, բայց երկրորդ անգամ իրեն ասել է, որ մազերը կտրի, հոնքերը «տատու» անի… Դուբայում իր համար հաճախորդներ գտել է Սվետան: Նա իրեն տարել է «Աչման բիչ» սրճարան: Առաջին անգամ նա միշտ իր կողքին է եղել: Պատահել է՝ ինքը օրական սպասարկել է 3-4 հաճախորդի, գումարը Սվետան է վերցրել: Առաջին ամսում ինքը նույնիսկ տեղյակ չի եղել գումարներից, երկրորդ ամսում է իմացել: Առաջին ամսում Սվետան իր համար շոր ու կոշիկ է առել, ինքը հետո իմացել է, որ դրանք էժանագին բաներ են եղել: Ինքն ազատ չի եղել, Սվետան իրեն տարել-բերել է: Հյուրանոցում ապրել են երեքով՝ ինքը, Սվետան, Սվետայի ընկերուհին: Իրեն խաբել են, թե ամեն մեկը օրական 150 դրհամ պիտի վճարի սենյակի համար, բայց իրականում ամեն մեկը 100 դրհամ է վճարել : Սննդի համար Սվետան է վճարել, նա է իրեն հարդարել: Ամսվա վերջին Սվետան իրեն տվել է ընդամենը 500 դոլար, 170 դոլար էլ ուղարկել է Հայաստան՝ իր պարտքերը փակելու համար: Ինքն առաջին անգամ չի իմացել, որ Սվետան իրեն խաբել է, երկրորդ անգամ է հասկացել: Նա իրենից օգուտներ է ստացել, բայց ինքը չի կարող ասել՝ ինչքան: Դուբայից երկրորդ անգամ վերադառնալուց 6-7 օր հետո ինքը դիմել է ոստիկանություն, իրեն որևէ մեկը խորհուրդ չի տվել, ինքն է ցանկացել: Սվետան իրեն մեկ անգամ հարվածել ու ասել է. «Եթե իմ վրա բողոքես, ես էնքան ընկերներ ունեմ, մարդիկ ու փող ունեմ, քեզ կտանեն, կգցեն օբշյագ, գլուխդ էլ կուտեն, դու ո՞վ ես, անտեր շուն ես…»: Դատարանը հաստատված է գնահատել Սվետա Կ.-ին մեղսագրված արարքները, նրան մեղավոր է ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել է 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Սվետա Կ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի: Տուժող Նոնա Մ.-ի ներկայացրած քաղհայցը՝ 2միլիոն 800 հազար դրամ՝ որպես իրեն պատճառված նյութական վնասի հատուցում, 2 միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում, ընդամենը՝ 4 միլիոն 800 հազար դրամ, դատարանը թողել է առանց քննության՝ իրավունք վերապահելով, որ Նոնա Մ.-ն այն ներկայացնի քաղաքացիական դատավարության կարգով: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Սվետա Կ.-ի շահերի պաշտպանները: Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմը, հիմնավորելով բերված վերաքննիչ բողոքը, նշեց, որ Սվետա Կ.-ի արարքը նախաքննական մարմնի կողմից սխալ է որակված, կարող էր որակվել մեղսագրված հոդվածների ոչ թե 2-րդ, այլ՝ 1-ին մասերով: Նշանակված պատիժն էլ անհամաչափ խիստ է՝ ըստ պաշտպանական կողմի: Պաշտպանական կողմի կարծիքով՝ մեղադրանքի՝ «ՀՀ պետական սահմանը հատելով՝ անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով… տեղափոխել է Դուբայ» ձևակեպումը սխալ է՝ տուժողը ապրանք չէր, որ նրա «տեղափոխումը կազմակերպվեր»: Սվետա Կ.-ն տուժողի տեղափոխումը կազմակերպելու ուղղությամբ ոչ մի հանցավոր գործողություն, ըստ պաշտպանական կողմի, չի կատարել: Նրա կատարածը տեխնիկական բնույթի էր՝ դիմել է տուրիստական գործակալություն, վիզա է բացել, ինքնաթիռի տոմս է պատվիրել՝ սովորական քայլեր են՝ ամեն մեկը կարող է անել: Ըստ պաշտպանական կողմի՝ նույն հաջողությամբ տուրիստական գործակալին էլ կարող էին նույն մեղադրանքն առաջադրել՝ «տուժողի տեղափոխումը կազմակերպելու համար»: Սվետա Կ.-ի պարագայում՝ շատ-շատ՝ միգուցե կարելի լիներ խոսել տուժողի՝ Դուբայ տեղափոխման օժանդակության մասին, ինչը Սվետան կատարել է միմիայն սոցիալական ծանր վիճակում գտնվող տուժողին օգնելու նկատառումներով: Քանի որ պոռնկությունը մեր երկրում հանցակազմ չպարունակող գործունեություն է, ապա պոռնկության հանցակցություն՝ օժանդակություն էլ լինել չի կարող: Անդրադառնալով պատժի՝ անհամաչափ խիստ լինելու հարցին՝ պաշտպանական կողմը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը ոչ բոլոր մեղմացնող հանգամանքներն է հաշվի առել պատիժ նշանակելու ժամանակ: Մասնավորապես՝ հաշվի չի առել, որ Սվետա Կ.-ի խնամքին է գտնվում թոռը: Սվետա Կ.-ն ասաց, որ դուստրը ամուսնալուծված է: Երեխայի հայրը գտնվում է Ռուսաստանում: Երեխայի մայրը՝ իր դուստրը, մեկնել է արտերկիր ու ամուսնացել է՝ երեխան մնացել է իր խնամքին… Ըստ ամբաստանյալի՝ դուստրը այս պահին երեխային իր մոտ տանելու հնարավորություն չունի… Վերաքննիչ բողոքով պաշտպանակակն կողմը պահանջում էր վերաորակել Սվետա Կ.-ին մեղսագրված արարքները, նրան մեղավոր ճանաչել մեղսագրված հոդվածների ավելի թեթև՝ առաջին մասերով, նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ: Արարքները չվերաորակելու դեպքում՝ միայն պատժի մասով փոփոխել դատավճիռը, կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան: Սվետա Կ.-ն ևս մեկ անգամ հիշատակեց, որ թոռան խնամքն ինքն է իրականացնում, եթե ազատազրկվի, երեխային ո՞վ կխնամի: Նա դիմեց դատավորներին. «Խնդրում եմ, օգնեք ինձ»: Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը մերժեց՝ Սվետա Կ.-ի իրական ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամանակով, թողնելով անփոփոխ: Նյութի աղբյուրը՝ 1in.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր