00:00:00

«Ծիգուլիկը կրակեց». Կողբացի փողոցով ընթացող «Նիվայի» վրա ինքնաձիգից կրակահերթ է արձակվել, սպանվել է երիտասարդ

02:45, 01 հուլիս 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվեց Արմեն Ավետիսյանի գործի դատական քննությունը: 1982 թվականին ծնված Արմեն Ավետիսյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով: Սպանությունը կատարվել է 15 տարի առաջ: Սպանության կատարման պահին Արմեն Ավետիսյանը 21 տարեկան էր: Ըստ մեղադրանքի՝ 2003 թվականի հունիսի 7-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Արմեն Ավետիսյանը ապօրինի կերպով ձեռք բերած «ԱԿ- 74» տեսակի հրազենով Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 53 շենքի մոտ սպանելու դիտավորությամբ կրակահերթ է բացել փողոցով ընթացող «ՎԱԶ- 2121» մեքենայի վարորդ Արթուր Մ.-ի վրա: Վերջինս կրակոցներից ստացել է մարմնական վնասվածքներ և հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է: Դեպքի հաջորդ օրը Արմեն Ավետիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2016 թվականի հունվարի 25-ին քրեական գործի վարույթը վերսկսկվել է: Վերահաստատվել է Արմեն Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Գործի դատաքննությունն ընթանում էր 2017 թվականի հունվարից և տևել է մոտ մեկուկես տարի: Արմեն Ավետիսյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: 2003 թվականին կատարված նախաքննության շրջանակներում տուժող Արթուր Մ.-ի ընկերներն են ցուցմունքներ տվել, որոնք հետազոտվել են ներկա դատաքննության ընթացքում: Գործով վկա Արամ Ն.-ն հայտնել է, թե ինքը, Տիգրան Ս.-ն ու գործով տուժող Արթուր Մ.-ն ընկերներ են եղել: 2003 թվականի հունիսի 7-ին, ժամը 18-ի սահմաններում ինքը «ՎԱԶ- 2106» մեքենայով գնացել է Երևանի Եզնիկ Կողբացու փողոցում գտնվող «Մաեստրո» սրճարան, որտեղ սովորաբար ժամանակ էր անցկացնում ընկերների հետ: Այդ օրը նախապես պայմանավորված չէին, որ հանդիպեն, բայց իր գնալուց հետո «Մաեստրո» է այցելել նաև Տիգրանը՝ Արթուրի «Նիվայով», իսկ դրանից հինգ րոպե հետո եկել է Արթուրը: Իրենք թեյ ու սուրճ են պատվիրել: Մոտ 15-20 րոպե նստելուց հետո Արթուրն ասել է, թե հանդիպում ունի: Նա վերցրել է մեքենայի բանալիները, նստել է իր «Նիվան», շարժվել է Պուշկինի փողոցի ուղղությամբ: Դրանից 1-2 րոպե հետո հրազենի կրակահերթ է լսվել, մի քանի վայրկյան անց ևս մեկ կրակահերթ է եղել: Ինքն ու Տիգրանը 100-150 մետր վազել են դեպի Պուշկինի փողոց ու չհասած խաչմերուկին՝ տեսել են Արթուրի «Նիվան», որը կանգնած էր փողոցի աջ կողմում՝ դեպի Պուշկինի փողոց: Երբ վարորդի դուռը բացվել է, կիսաթեքված վիճակում երևացել է Արթուրը: Մեքենայի՝ վարորդի կողմի դուռը, նաև դիմապակին վնասված էին՝ կրակոցի անցքեր կային դրանց վրա: Մեքենայի մոտ անմիջապես մարդիկ են հավաքվել, Արթուրին հանել են մեքենայից, պառկեցրել են գետնին: Հավաքվածների մեջ բժիշկ կար, ով տրամադրել է իր բջջային հեռախոսը, որ շտապօգնություն կանչեն, բացի այդ՝ զննել է Արթուրի վնասվածքները: Վնասված էին Արթուրի կոնքը ու գոտկատեղից ներքևի հատվածը: Իրենք Արթուրին հարցրել են՝ ո՞վ է կրակել: Արթուրը պատասխանել է. «Ծիգուլիկը կրակեց»… Վկա Տիգրան Ս.-ն 2003 թվականի նախաքննական ցուցմունքով հայտնել է, որ Արմեն Ավետիսյանին՝ «Ծիգուլիկին», ճանաչել է որպես իրենց թաղամասի տղայի… Դեպքի օրն ինքը, Արամն ու Արթուրը հանդիպել են «Մաեստրո» սրճարանում: Արթուրը հայտնել է, թե շուտով կգա, նստել է իր «Նիվան» ու շարժվել է դեպի Պուշկինի փողոց: Մի քանի վայրկյան անց լսվել են կրակոցի ձայներ: Ինքը տեսել է, որ Արթուրի մեքենայի վրա են կրակում: Մի քանի մետր վազել է, այդ ժամանակ կրակողը զենքն ուղղել է իր կողմը, բայց կրակել է գետնին: Ինքը մի պահ կանգնել ու նորից վազել է: Կրակողը փախել է: Իրենք մոտեցել են Արթուրի մեքենային, օգնել են, որ նրան իջեցնեն մեքենայից: Արթուրն ասել է, թե «Ծիգուլիկն» էր կրակողը: Դրանից հետո Արթուրին շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց: Վկան հայտնել է, որ «Ծիգուլիկը» հանդիսանում է Արմեն Ավետիսյանը՝ նրան այդպես էին կոչում հոր՝ «Ծիգուլ» մականվան հետ կապված: Վկան պնդել է, թե ինքը վստահ է, որ կրակողը եղել է Արմեն Ավետիսյանը: Վկա Ջուլիետա Խ.-ն 2003 թվականի նախաքննության ժամանակ հայտնել է, թե հունիսի 7-ին, ժամը 18-ի սահմաններում Տերյան փողոցից քայլելով հասել է Պուշկինի փողոց: Կողբացի և Պուշկին փողոցների խաչմերուկից երկար կրակահերթ է լսել: Վախեցել ու վազել է դեպի Մաշտոցի պողոտա: Հետո տեսնելով, որ մարդիկ գնում են Կողբացի փողոցի ուղղությամբ, ինքն էլ հետաքրքրությունից դրդված գնացել է նրանց հետևից: Տեսել է նիհարակազմ, չսափրված, կարճ մազերով, միջին հասակի մի երիտասարդի, ով ինքնաձիգով կրակել էր ճանապարհին կանգնած «Նիվայի» վրա: Հետո այդ տղան ինքնաձիգը ձեռքին փախել է Պուշկինի փողոցի ուղղությամբ: Չհասած հացի խանութի մոտ՝ նա ծառի տակ է նետել ինքնաձիգը, հետո շարունակել է վազել Մաշտոցի պողոտայով: Դեպքի վայրի զննության արձանագրությամբ՝ դեպքի վայրում զննվել է ոչ միայն տուժողի «Նիվա» մեքենան, այլ նաև «ՎԱԶ-2101» մեքենա, որի սրահից հայտնաբերվել են փամփուշտներ, փամփշտակալներ, Արմեն Ավետիսյանի անունով վարորդական իրավունքի վկայական: Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ… Դատարանը հաստատված է գնահատել, որ Արթուր Մ.-ին կրակահերթ արձակելով կյանքից զրկել է Արմեն Ավետիսյանը: Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, Արմեն Ավետիսյանն ազատվել է քրեական հետապնդումից՝ պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Արմեն Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 22-ից»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր